21/11/2023 21:33
Ընդդիմությունը ՔՊ-ին ապացուցեց, որ մի կերպ քաղաքապետի աթոռին սեփական թեկնածուին նստեցնելը դեռ չի նշանակում իշխանություն ունենալ․ Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը գրել է․
«Երևանի ավագանու ընտրություններից հետո, այսօր առաջին անգամ ընդդիմությանը հաջողվեց ապացուցել ՔՊ-ին, որ մի կերպ քաղաքապետի աթոռին սեփական թեկնածուին նստեցնելը դեռ չի նշանակում իշխանություն ունենալ։
Այսօրվա ավագանու նիստին ՔՊ-ն իր կոալիցիոն գործընկերոջ հետ հանդերձ՝ չէր կարողանում իր օրակարգը առաջ տանել, այլ ստիպված էր շարժվել ընդդիմության օրակարգով։
Հենց այդ փաստն էր մատնանշում «Ազգային առաջընթաց» խմբակցությունը, երբ լեգիտիմության դեֆիցիտից և քաղաքի կայուն կառավարման վտանգներից էր խոսում` շեշտելով նոր ընտրությունների անհրաժեշտությունը։
Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախորդ գումարմանն իշխող ուժի ներմուծած` չզեկուցվող նախագծերի պրակտիկան տապալվեց։ Ընդդիմադիր ուժերն այս հարցի շուրջ միակարծիք էին, որ ավագանին պարտավոր է հրապարակավ քննարկել և քվեարկել օրակարգի բոլոր հարցերը։
Եվ օրակարգում ընդգրկված բոլոր չզեկուցվող հարցերը դարձան զեկուցվող։
Կարևոր է ընդգծել, որ դա ՔՊ-ի կողմից պարզապես բարի կամքի դրսևորում չէր։ Հակառակ դեպքում ընդդիմությունը չէր ապահովի քվորում, և նիստը կտապալվեր։
Նույն ճակատագրին արժանացավ նաև իշխանության բերած մեկ այլ նախագիծ` աուդիտի անցկացման վերաբերյալ։ Այն այդպես էլ չընդունվեց, որովհետև հաշվի չէին առել մեր խմբակցության կողմից հանձնաժողովի նիստում արված առաջարկները, և նախագիծը թերի էր։
Այսպիսով փաստենք, որ ՔՊ-ի իշխանություն իրացնելը հնարավոր է միայն, եթե ընդդիմադիր խմբակցություններից մեկը ցանկանա օգնել։ Ինչն էլ ինքնին նորմալ չէ և խոսում է ճգնաժամի մասին։
Չի լինում առանց դահլիճում կայուն մեծամասնության իշխանություն»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17