21/11/2023 17:16
Ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած քաղաքացիական անձինք և նրանց ընտանիքները որևէ կարգավիճակ և ֆինանսական աջակցություն չեն ստացել առ այսօր․ Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․
«ՀՀ կառավարությունը պետք է հատուկ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն տրամադրի սեպտեմբերին Արցախում զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձանց ու ընտանիքներին՝ պահելով 44-օրյա պատերազմի սկզբունքը
Արցախի ժողովրդի ցեղասպանության վերջին դրվագի՝ սեպտեմբերյան ագրեսիայի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր անձինք են զոհվել ու վիրավորվել, որոնք որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել և նման միտում էլ տեսանելի չէ:
Նախ, սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով մոտ 230 զոհ է արձանագրվել, որոնցից առնվազն 19-ը քաղաքացիական անձինք էին, ներառյալ՝ 6 երեխա: Իսկ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, ըստ ՆԳՆ վերջին թարմացման, մոտ 220 անձի մահ է արձանագրվել: Իսկ ագրեսիայի հետևանքով անհայտ կորածների թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին հրապարակման, 42 է, ներառյալ՝ 12 քաղաքացիական անձ, իսկ պայթյունի հետևանքով անհայտ կորածներինը՝ ըստ ՆԳՆ հրապարակման, շուրջ 50 է: Բոլոր տվյալները նախնական ու մոտավոր են, և ԴՆԹ հետազոտությունների ավարտից, ամբողջական ու պաշտոնական ցուցակագրումից հետո հնարավոր կլինի հստակ թվեր նշել:
Եթե մարտական գործողությունների ժամանակ զոհված, վիրավորված ու անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը լուծվում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (1000+) միջոցով՝ համապատասխան օրենսդրական դաշտի հիման վրա, նույնիսկ որի մասով, կարծես թե, վարչարարական խնդիրներ ու ձգձգումներ կան, ապա այս հիմնադրամի շահառու չհանդիսացող անձանց մասով խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում: Մասնավորապես, ագրեսիայի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած քաղաքացիական անձինք և նրանց ընտանիքները, ինչպես նաև պայթյունի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձինք (այդ թվում՝ զինծառայողները) և նրանց ընտանիքները որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել առ այսօր: Հիմք ընդունելով վերոնշյալ մոտավոր թվերը՝ այդպիսի զոհված անձանց թիվը շուրջ 300 է, իսկ հաշմանդամության խումբ ձեռք բերած վիրավորների թվերի վերաբերյալ կդժվարանամ որևէ հաշվարկ ներկայացնել:
Պետական ծրագրերից դուրս մնացած նշյալ անձինք ու նրանց ընտանիքները պետք է հստակ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն ստանան ոչ միայն նրանց սուր սոցիալական խնդիրների պատճառով, այլ՝ առաջնահերթորեն պետության (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) կողմից ստանձնած անվտանգային պարտավորությունների ձախողման պատճառով: Ավելին, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել վառելիքի պահեստի պայթյունի հանգամանքները և քննարկել դրա հետևանքով զոհված զինվորականներին Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու դարձնելու հնարավորությունները, քանի որ պայթյունը տեղի է ունեցել ռազմական օբյեկտում՝ պատերազմական գործողությունների հարուցած քաոսի ու խուճապի և զինված ուժերի կողմից այդ օբյեկտի անվտանգ կառավարման պարտավորության ձախողման պայմաններում: Այլ նուրբ հիմնավորումների մասին նախընտրում եմ հրապարակայնորեն չխոսել, բայց որոշում կայացնողները դրանք լավ կիմանան՝ ըստ այդմ կատարելով նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:
Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունը նման որոշում է ընդունել և քաղաքացիական բոլոր զոհերին ու վիրավորներին հատկացրել է միանվագ ֆինանսական աջակցություն հետևյալ չափերով՝ զոհվածների ընտանիքներին՝ 5,000,000, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3,000,000, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 2,000,000, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1,000,000 ՀՀ դրամ:
Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հստակ է, որ նշյալ խմբերի անձինք և նրանց ընտանիքներն ունեն իրավաչափ ակնկալիք՝ ստանալու հատուկ կարգավիճակ և ֆինանսական աջակցություն՝ առնվազն նշված չափերով»: