21/11/2023 19:44
Ջերմուկում զբոսաշրջիկների հոսքը որոշակիորեն նվազել է, բայց Ամանորից առաջ հյուրանոցներում ակտիվ ամրագրումներ են. Նարեկ Միրզոյան
Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը հաստատում է՝ համեմատ նախորդ տարիների՝ Ջերմուկ տուրիստական քաղաքում զբոսաշրջիկների հոսքի որոշակի նվազում նկատվել է, սակայն Ամանորին ընդառաջ հյունոցային տնտեսություններում ամրագրումների առումով ակտիվություն է։
«Հաշվի առնելով որ արդեն տուրիստական ակտիվ սեզոն չէ, անցում է ձմեռային շրջանին, զբոսաշրջային հոսքը դանդաղել է։ Այս պահին քաղաքի հյուրանոցային տնտեսությունները, դրանով պայմանավորված, թեթև են աշխատում, ծանրաբեռնված չեն։ Բայց ամանորյա տոններին ընդառաջ հյուրանոցներում ակտիվ ամրագրումներ են»,-Aysor.am-ին ասաց նա։
Ըստ Միրզոյանի՝ Ջերմուկի բոլոր հյուրանոցային տնտեսությունները, ռեստորանները ամանորյա տոնական օրերին և հաջորդող օրերին բավականին ծանրաբեռնված են աշխատում։ «Հիմա էլ հյուրանոցները հրապարակել են ամանորյա փաթեթները, խոսել եմ գործընկերներիս հետ, բավական ակտիվ վաճառք են իրականացնում, փոքր հյուրանոցային տնտեսություններում են նաև ամոնորյա փաթեթներ սպառվում»,-ասաց նա՝ հավելելով՝ «քաղաքն ապրում է, բիզնեսն՝ աշխատում»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել էր, որ Ջերմուկում հյուրանոցային տնտեսությունները թերհագեցած են աշխատում, ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ հայտարարել էր, որ Ամանորի հետ կապված հյուրանոցներ կան, որ ազատ տեղեր չունեն։
Նշենք, որ ըստ ԱՎԿ-ի ներկայացրած տվյալների՝ 2023թ.-ի հունվար-հունիս ամիսներին Ջերմուկ է այցելել 1963 անձ։ ԱՎԿ-ն նման ցուցանիշների համար հիմք է ընդունել զբոսաշրջային օպերատորների/զբոսաշրջային գործակալների կողմից կազմակերպած շրջագայությունները (տուրերը)։