21/11/2023 11:18
Ստելլա Չենը կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ին‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահարուհի Ստելլա Չենի համերգը։
Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիան»։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։
Փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին։