21/11/2023 17:00
Երբ լսեցինք, որ վերջ՝ գնում ենք Արցախից, շատ սարսափելի էր. «Փոքրիկ Իշխանն» ու Արցախը 13-ամյա Տիգրանի պատկերացումներում (Տեսանյութ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակն X-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարկել Արցախից բռնի տեղահանված 13-ամյա Տիգրանի մասին։
Նշվում է, որ 13-ամյա Տիգրանը Արցախում գտնվող իր տունը երկու անգամ է լքել՝ առաջին անգամ՝ 2020 թվականին, երբ նրա ընտանիքը պատերազմի օրերին ստիպված է եղել տեղափոխվել Հայաստան, իսկ հետո երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո։
Տիգրանը, չնայած փոքր տարիքին, դերասան է և հատկապես հիշում է «Փոքրիկ Իշխան» ներկայացումը։ «Այնտեղ ասվում է՝ ում ընտելացրել ես, նրա հետ էլ միշտ պետք է լինես, կարծես այդ ամենը համընկնում է մեր Արցախի հետ»,- հուզված ասում է Տիգրանը։
Նա նշում է, որ Արցախում բոլորն էլ սպասում էին, որ դժվարությունները մի օր կվերջանան․ «Բայց երբ լսեցինք, որ վերջ՝ գնում ենք Արցախից, դա շատ սարսափելի էր, որովհետև մենք թողնում ենք մի ամբողջ պատմություն, սեր հայրենիքի նկատմամբ»,-ասում է նա։