21/11/2023 15:19
2023-ի սեպտեմբերին ՀՀ-ում տնտեսական աճի տեմպը նախորդ ամսվա համեմատ դանդաղել է. ՀԲ զեկույց
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի սեպտեմբեր ամսվա տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ 2023-ի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական աճի տեմպը օգոստոսի 10,9 տոկոսի համեմատ դանդաղել է՝ հասնելով 5,3 տոկոսի։
Ըստ ՀԲ-ի՝ դանդաղ աճը հիմնականում պայմանավորված է ծառայությունների՝ բացառությամբ առևտրի կտրուկ անկմամբ։
Գնաճը կայունացել է, ապրանքների արտահանումն ու ներմուծումն աճել են հոկտեմբերին 10%-ով և սեպտեմբերին՝ 6%, հիմնականում թանկարժեք քարերով և մետաղների արտահանման շնորհիվ։
Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի 3 մլրդ դրամ հավելուրդ, ինչը հաջորդել է օգոստոսի 25 մլրդ դրամ պակասուրդին: Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները սեպտեմբերին ավելացել են 9,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
ՀԲ-ի զեկույցի համաձայն՝ ֆիզիկական անձանց զուտ դրամական հոսքերը Հայաստան սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 69%-ով: Ընդհանուր դրամական փոխանցումների մուտքերը սեպտեմբերին կրճատվել է 19%-ով, իսկ արտահոսքն՝ ավելացել 43%-ով: Հիմնականում մուտքերը (66,3 տոկոս) եղել են Ռուսաստանից, մինչդեռ արտահոսքի միայն 12,7 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։
Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպը:
Հոկտեմբերին Հայաստանի միջազգային պահուստները երկրորդ ամիսն անընդմեջ նվազել են 155 մլն դոլարով` հասնելով 3,8 մլրդ դոլարի: