21/11/2023 10:12
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ձեռք է բերել «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի բաժնեմաս
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ՝ 2010-2018 թվականներին, Զեյնալյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։ Բժշկի՝ երկար տարիների կարիերայի ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում։
Անհատական բնակելի տունը 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։ Բնակարանները ձեռք են բերվել 2016 և 2017 թվականներին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Զեյնալյանը հայտարարագրել է 2014 թվականին ձեռք բերված մեկ տրանսպորտային միջոց՝ 2006 թվականի արտադրության, Mercedes-Benz մակնիշի մեքենա։ Զեյնալյանը 2021 թվականին ձեռք է բերել «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի բաժնեմասը, տվյալ տարվա վերջում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքների արժեքը կազմել է 676 հազար դրամ։
Զեյնալյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 20 մլն 715 հազար դրամ, որը տարեվերջին զրոյացել է։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 102 հազար դրամ և 1100 ԱՄՆ դոլար։ Զեյնալյանի կրիպտոարժույթները կազմել են 200 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար։
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 734 հազար դրամ։ Եկամուտներից 9 մլն 485 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 24 հազար դրամը շահաբաժին է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ից, քանի որ, ինչպես նշված է հայտարարագրում, Զեյնալյանը բաժնեմաս ունի նշված բանկում։ Զեյնալյանը այլ եկամուտներ ստացել է ID Bank-ից և «Ինեկոբանկ»-ից։
Պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 890 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, և հենց այս պատճառով է, որ Զեյնալյանը ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 510 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»։