21/11/2023 19:03
Արցախից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու նպատակով Միացյալ Նահանգները 4,1 միլիոն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի
Միացյալ Նահանգները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
«Այս լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին, 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված՝ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար:
Սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի հետևանքով ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ։
Այս լրացուցիչ աջակցության միջոցով, ԱՄՆ ՄԶԳ-ն տեղում աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած՝ խոցելի վիճակում գտնվող գրեթե 74,000 փախստականների և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին: Այս ֆինանսավորման շնորհիվ կավելանա կենսական նշանակության պարենային օգնության ծավալը, կտրամադրվի մարդասիրական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների համար նախատեսված ժամանակավոր ապաստան:
ԱՄՆ-ն կանգնած է Ադրբեջանի ռազմական գործողությունից տուժած քաղաքացիական անձանց կողքին և աջակցում է Հայաստանի կառավարության՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու ջանքերին»,- նշված է հաղորդագրությունում։