22/11/2023 21:44
Արցախը մեր հայրենիքն է․ Կարո՞ղ եք ձեր մի թևը պոկել, տալ ու այդպես հանգիստ ապրել .․․ Ալլա Լևոնյան
Երգչուհի Ալլա Լևոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում դատապարտել է հասարակությանը շրջանում արհեստականորեն հակաարցախյան գաղափարներ տարածելու երևույթը, արհեստական բաժանումը, որը մտցրել են արցախցիների ու հայաստանցիների միջև։
«Արցախը մեր հայրենիքն է, արցախցին էլ մեր հայրենակիցը: Տարիներ շարունակ նման նեգատիվ վերաբերմունք են գեներացրել, դրա համար էլ այս օրին հասանք: Միասնական չենք մտածում մի գաղափարի շուրջ, մեր պատկերացումներն էլ այլ են:
Ես միշտ օրինակ եմ բերում` էդ որ ասում էին՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք». Էդ ի՞նչ էր նշանակում, որ տանդ սենյակը տաս ուրիշին, դրանից կարո՞ղ ես հանգիստ ապրել։ Դա ի՞նչ ասելու բան էր, հատկապես, երբ տանդ սենյակը տաս վատ հարևանիդ, ով նեղացնում է քեզ, կնոջդ, երեխաներիդ, էդպես կարո՞ղ ես լավ ապրել, հա՞ ․․․
Նախ, լավ չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում հայրենիքը տալ: Կարո՞ղ եք ձեր մի թևը պոկել տալ ու այդպես հանգիստ ապրել.... էս ինչ պրիմիտիվ մտածողություն է, էս ինչ հիպնոս է:
Ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում, միայն ընկճախտն է օր օրի խորանում: Այն օրի ենք հասել, որ անգամ ամաչում եմ երգել, մի կողմից էլ մտածում եմ` դա էլ իմ աշխատանքն է, բժիշկը, ուսուցիչն ինչպես են ամեն օր աշխատանքի գնում, մենք էլ պետք է աշխատենք, թեպետ հիմա կենտրոնացել ենք բարեգործական համերգների վրա: Այդպես եմ կարողանում, գոնե այդպես օգնեմ: 44-օրյա պատերազմից հետո կյանքն ուրիշ է, հոգեկան և ֆիզիկական առողջության վրա էապես ազդել է: Երբ զոհված տղերքի համար հրավիրում են երգելու, գնում երգում եմ, խեղդվելով հետ եմ գալիս տուն, դեպրեսիան ավելի է խորանում: Ասացի` խնդրում եմ` ինձ նման համերգների էլ մի կանչեք, ես էլ չեմ դիմանում, էդ լույս տղերքի նկարներին նայելով՝ վատանում եմ, կապ չունի, որ հայրենասիրության մասին եմ երգում, բայց միևնույն է, որ հիմա էլ հրավիրում են, մերժել չեմ կարողանում: Կյանքը խեղում է այս իրականությունը․․․»,- ասել է Ալլա Լևոնյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում