22/11/2023 20:39
«Ու՞մ ենք սահմանափակում՝ ինքներս մե՞զ»․ Վրաստանում դեմ են Ռուսաստան ապրանքների արտահանումն արգելելուն
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական ապրանքները Ռուսաստան արտահանելու արգելք սահմանելու դեպքում իրենք իրենց կվնասեն։ Նա դեմ է արտահայտվել նաև Ռուսաստանից զբոսաշրջիկների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքին։
«Ի՞նչ կարիք կա արգելելու, որ Ռուսաստանից զբոսաշրջիկներ գան Վրաստան ու գումար ծախսեն այստեղ կամ էլ ի՞նչ կարիք կա՝ սահմանափակել Վրաստանում արտադրված ապրանքների արտահանումը Ռուսաստան, չտանել այն ռուսական շուկա։ Ինչու՞ մենք պետք է սահմանափակենք այդ ամենը, ու՞մ ենք մենք սահմանափակում․ ինքներս մեզ, և կրկին բարդ դրության առջև ենք կանգնեցնում գյուղացուն»,- ասել է Կալաձեն՝ ճեպազրույցի ժամանակ։
Նա վերահաստատել է նաև Վրաստանի իշխանության դիրքորոշումը՝ պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի նկատմամբ։
«Վրաստանը չի ծրագրում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, բայց չի էլ կարող թույլ տալ իրեն, օրինակ, համագործակցել միջազգային ընկերությունների հետ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել»,- ասել է Կախա Կալաձեն։