22/11/2023 19:41
Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ է տվել Ֆուկուշիմա Մասանորիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Մասանորիին իր ակտիվ գործունեությամբ հայ-ճապոնական հարաբերությունների և փոխգործակցության զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնումը և հույս հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն խորանալ ու ամրապնդվել:
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին համագործակցության համար և վստահեցրել, որ հետագայում ևս կներդնի բոլոր ջանքերը` ի նպաստ Հայաստանի ու Ճապոնիայի հարաբերությունների զարգացման:
Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ»: