22/11/2023 18:13
ՀՀ Փաստաբանների պալատի պատվիրակությունը միջազգային հարթակում ներկայացրել է արցախցիների իրավունքների հետ կապված խնդիրները
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և փաստաբան Մարտուն Փանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվել են Ֆրանսիայի Հանրապետությունում, տեղեկացնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:
«Հայաստանի պատվիրակությունը Ֆրանսիայի Օ դը Սեն քաղաքի փաստաբանների պալատի նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանիի հրավերով մասնակցել է Օ դը Սենի փաստաբանների պալատի ամենամյա ամփոփիչ միջոցառմանը, որի շրջանակներում քննարկվել են պատերազմների ժամանակ մարդկանց իրավունքներին և այդ պայմաններում փաստաբանական գործունեությանն ուղղված մարտահրավերներին վերաբերելի խնդիրներ:
Միջոցառմանը մասնակցել են փաստաբանների պատվիրակություններ Հայաստանից, Մոլդովայից, Ռումինիայից և այլ երկրներից:
Ֆրանսիացի բազմահազարանոց փաստաբանների մասնակցությամբ միջոցառումը մեկնարկել է հայազգի դուդուկահար Լևոն Մինասյանի երաժշտական կատարմամբ, իսկ միջոցառման առանցքային հյուր է համարվել ֆրանսահայ կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը:
Հայաստանի պատվիրակությունը` հրավիրյալ այլ երկրների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել է փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, որի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը հանդես են եկել ելույթներով: Միջազգային հարթակում ներկայացվել են նաև Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, արցախցիների իրավունքների հետ կապված խնդիրները:
Օ դը Սենի փաստաբանների պալատի նախագահը և փոխնախագահը ներկաներին պատմել են Արցախի շրջափակման և արցախցիների բռնի տեղահանման մասին:
Հայաստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Փարիզի փաստաբանների պալատի նախագահի և այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել է Ֆրանսիայի ամենախոշոր փաստաբանական գրասենյակներից «CMS Francis Lefebvre»-ն, որն ունի նաև միջազգային ցանց:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մեր գործընկերներն ավելի վաղ` 2023 թվականի ապրիլի 23-ին՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում, հայ գործընկերների ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ: Դա այն օրն էր, երբ ադրբեջանցիները փակել էին Հակարիի կամուրջը` Հայաստանն Արցախին կապող վերջին, այլընտրանքային ճանապարհը, և ֆրանսիացի մեր գործընկերներն ականատես եղան Արցախի վերջնական շրջափակմանը, հետո նաև՝ հայրենիքից արցախցիների բռնի տեղահանմանը»,- նշված է հաղորդագրությունում: