23/11/2023 15:58
Կրեմլի թիրախում Փաշինյանը չէ՝ Հայաստանն է. Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ)
Ռուս-թուրքական աշխարհաքաղաքական ծրագրերին Հայաստանն իր գոյությամբ է խանգարում։ Հայաստանում որոշ փորձագետներ փորձում են տարանջատել Ռուսաստանը Թուրքիայից, դա միամտություն է։ Փաշինյանը տարածաշրջանում ռուս-թուրքական շահերն է սպասարկում, Կրեմլի գործիքն է, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
«Ինչ-որ պահի Փաշինյանը ստիպված է կողմնորոշվել՝ շարունակելո՞ւ է սիրախաղ Արևմուտքի հետ՝ մնալով Ռուսաստանի գործիքը, թե՞ հրաժարվում է Ռուսաստանի գործիք լինելուց և առաջնորդվելու է Հայաստանի ազգային շահերով։
Մեր տարածաշրջանում ձևավորվել է ռուս-թուրքական աշխարհաքաղաքական բլոկադա, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանը համարում են ներքին բակ և որևէ մեկն այստեղ մուտքի իրավունք չուներ, ցավոք, մինչև 2022 թվականի ամառ Արևմուտքն էլ լուրջ քայլեր չէր ձեռնարկում այդ ռուս-թուրքական, այսպես կոչված, ամրոցը խարխլելու համար, բայց հիմա այդ ամրոցն էապես ջախջախված է։ Ջղաձգումները, որ տեսնում ենք Բաքվի, Կրեմլի կողմից, պայմանավորված են ռուս-թուրքական աշխարհաքաղաքական բլոկադայի ճաքեր տալով»։
Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանում տեղի է ունեցել երեք կարևորագույն իրադարձություն։ Հայաստանը սպառազինություն է գնել ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայից և այդ սպառազինությունը Հայաստան է բերվել Վրաստանից՝ ցամաքային ճանապարհով։
«Հարցը ոչ այնքան այդ մի քանի տասնյակ զրահամեքենաներն են, այլ այն, որ այդ գնումով ռազմական ոլորտում սերտ գործակցություն է հաստատվում Փարիզի հետ, ինչը լրջագույն քաղաքական քայլ է։ Երկրորդ իրադարձությունն այն էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել Վրաստանին։ Երրորդ իրադարձությունն այն էր, որ Բաքվի, Անկարայի, Մոսկվայի առաջ բերած 3+3 բանակցությունների ձևաչափը մեծ հաշվով տապալվեց»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։