23/11/2023 11:51
Մեզ պարտադրում են ավելի եկամուտ ունենալ, որպեսզի հարկերը շատ լինեն. ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում (Տեսանյութ)
Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։
Ավտոներկրող Վարդան Օնանյանը լրագրողների հետ զրուցյում ասաց, որ կան գործարարներ, ովքեր զբաղվում են նաև ավտոմեքենաների ներկրմամբ, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։
«Հայտնի է, որ դրսից ներկրած ավտոմեքենաների արժեքները շատ ավելի ձեռնտու են, քան այստեղ գործող արժեքները։ Այդ պատճառով շատ են մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են թեկուզ 3 ամիս սպասել, բայց ունենալ ավելի լավ, էժան մեքենա։ Ինչն է խնդիրը։ Մեզ նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդի հետ, ու փաստացի արձանագրվում է նաև մեքենայի գինը՝ գործող օրենքների ու հարկերի համաձայն։ Ամեն ինչ արվում է սպիտակ դաշտում, ոչ մի թաքուն բան չկա։ Եվ այն գները, որոնցով մքենաները դուրս են գալիս աճուրդի, պարզ տեսնում են նաև մեր ՊԵԿ-ում, և մեքենաների մաքսազերծումն էլ, բնականաբար, այդ թվով է կատարվում։
Մեքենա ներկրողն ու վաճառողն ինքն է որոշում իր եկամտի չափը։ Համոզված եմ, որ ոչ միայն մեր ընկերությունը, այլ նաև մյուս ընկերություններն այս գործից մեծ եկամուտներ չեն ակնկալել, քանի որ այս ամենը դիտվում է մեծածախի սահմաններում և ամեն մեքենայի մեջ, նույնիսկ կախված չլինելով մեքենայի արժեքից, ունենում ենք շատ փոքր եկամուտ», - նշեց նա։
Օնանյանի խոսքով՝ նախորդ շաբաթ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենք, որով պարտադրվում է իրենց նման ընկերություններին ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ և, բնականաբար, հարկելու են այդ 20 տոկոսից.
«Հավաստիացնում եմ ձեզ, որ վերջին տարվա իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործարք չի եղել, որ տնտեսվարողը մեկ մեքենայի վաճառքից ունենա 20 տոկոս եկամուտ։ Մեզ պարտադրում են ավելի եկամուտ ունենալ, որպեսզի հարկերը շատ լինեն։ Սակայն, ոչ ոք իրավունք չունի ինձ ասելու, թե ես ինչքան եկամուտ պետք է ունենամ։ Եթե տոնածառ ներկրողը այդ տոնածառը գնել է 1000 դրամով, ոչ ոք իրավունք չունի նրան ասելու, որ 1100-ով մի վաճառի, այլ վաճառի 1200-ով»։