23/11/2023 20:36
Գեղամ Մանուկյանն ու Արմեն Խաչատրյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին
Տեսակոնֆերանսի ձևաչափով նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության ու սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ համատեղ նիստը, որի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Նշվում է, որ օրակարգային` ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարություններին՝ Կանադայի խորհրդարանում ««Գալիսիայի» ՍՍ դիվիզիայի նացիստին արդարացնելու և խրախուսելու փորձի հետ» հարցին հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել: Արմեն Խաչատրյանը պարզաբանել է, որ Կանադայի խորհրդարանի խոսնակը, ընդունելով իր սխալը, ներողություն է խնդրել և հրաժարական տվել: Կանադայի խորհրդարանը վերահաստատել է իր քննադատությունը՝ նացիզմի և դրա հետ կապվող դրսևորումներին:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ Կանադան Հայաստանի բարեկամ երկիր է և տարածաշրջանում միակ դեսպանությունն այստեղ է բացել: Նա նաև հավելել է, որ Կանադան համարժեք է արձագանքել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին:
Հայ խորհրդարանականները նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել, որը կքննարկվի ՀԱՊԿ ԽՎ համապատասխան հանձնաժողովում:
Օրակարգի երկրորդ՝ «ՀԱՊԿ ԽՎ հայտարարությունը սպառված ուրանի զինամթերքի օգտագործման հնարավոր հետևանքների վերաբերյալ» հարցի առնչությամբ նշվել է, որ խնդիրը կարգավորված է ՄԱԿ-ի համապատասխան ակտերով, և դրան անդրադառնալը նպատակահարմար չէ: