23/11/2023 14:17
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ
Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ։
Լրագրողներն այսօր ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեցին՝ առաջիկայում նախատեսվա՞ծ է Միրզոյան-Բայրամով հանդիպում, ինչին ի պատասխան՝ նա արձագանքեց. «Այդպիսի տեղեկատվություն դեռևս չկա»։
ԱԳ փոխնախարարը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը համարում է Հայաստանի կողմից կառուցողականության դրսևորում:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, ըստ նախնական պայմանավորվածության, նոյեմբերի 30-ին կկայանա պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը։