23/11/2023 13:43
Արցախից բռնի տեղահանված 131 տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը կկազմակերպվի 4 կազմակերպություններում
Կառավարությունն իր այսօրվա նիստում կայացրեց որոշում, որը թույլ կտա լուծել Արցախից բռնի տեղահանված 131 անձի կեցության, խնամքի, հոգեբանական օգնության և կարիքի գնահատման արդյունքում առաջացած հարցերը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 71 անձի խնամքը կազմակերպել «Նորքի տուն-ինտերնատ», «Երևանի N 1 տուն-ինտերնատ», «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներում:
Անհրաժեշտ է 71 անձի խնամքի տրամադրման նպատակով ՀՀ պետական բյուջեով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ 25.5 հաստիքների` բուժքույր, սանիտար, հոգեբան, ինչպես նաևսննդի, հագուստի, սանիտարահիգիենիկ պարագաների և այլ ծախսերի համար։
Միաժամանակ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ենթակայությամբ գործող Աղավնաձորի հանգստյան տանը 2023 թվականի սեպտեմբերի 28-ից խնամք և սոցիալական ծառայություններ են ստացել Արցախից բռնի տեղահանված մինչև 175 տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, որոնց համար անհրաժեշտ բոլոր բնաիրային ներդրումները կատարվել են բարեգործական կազմակերպությունների, իսկ խնամքն ապահովվել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կողմից։
Ելնելով այն հանգամանքից, որ անշարժ գույքը պետք է ծառայի իր նպատակին, իսկ շահառուների շրջանում կան շուրջ 60 անձ, որոնք միայնակ են և ունեն խնամքի կարիք, նրանց խնամքը հնարավոր է տրամադրել գործող կազմակերպություններում, ուստիև անհրաժեշտություն է առաջանալու նրանց տեղափոխել՝ խնամքի ծառայությունների մատուցման համար, որի հետ կապված առաջանում են սննդի տրամադրման ծախսեր։