23/11/2023 21:46
ԿԳՄՍ նախարարությունը դատի է տվել ազգագրական երգի-պարի համույթին
ԿԳՄՍ նախարարությունը դատի է տվել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթին, հայտնում է «Հրապարակ»-ը։ Թե որն է պատճառը, համույթի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը կարճ է բնութագրել՝ «մի տարազի պատմություն»․ «5 տարի առաջ նախարարությունը գումար էր հատկացրել՝ «Ակունքը» տարազ էր կարել, բայց արի ու տես, որ դատի են տվել մեզ, իբր թե այդ տարազը կարված չէ, կամ թե՝ պայման է խախտված, մի քիչ ուշ է կարվել, ըստ այդմ՝ գումարը պետք է հետ գանձել։ Դատարանն էլ օրերս վճիռ է կայացրել, ավելին՝ դատավորն էլ նույնիսկ իմացել է, որ տարազ չկա, բայց տարազը ոչ միայն կարված է, այլև ամբողջ չեկերը հաստատված, պահպանված են, «Ակունքն» էլ, տարազը հագին, համերգներ է տալիս»։
Համույթի գեղղեկավարը հավելել է, որ հիմա իրավաբան են վարձել, ով ծանոթանալով գործին՝ նախ ծիծաղել է, ապա՝ վստահեցրել, որ կբողոքարկեն որոշումը։
Շահնազարյանն աբսուրդ է համարում դատարանի որոշումը՝ բավարարել պահանջը և իրենցից գանձել տարազների գումարը։ Նա նույնիսկ չի էլ հիշում գումարի չափը, բայց վստահեցնում է՝ մեծ գումար չէր, որի շնորհիվ, սակայն, կարել են իրենց ողջ համույթի տարազները։
«Ուզում եմ իմանալ՝ ո՞վ է դա արել, բայց չեմ կարողանում գտնել այդ անձին, զանգում եմ նախարարություն, ասում եմ՝ այդ մարդու անունը տվեք, ուզում եմ տեսնել այդ մարդու երեսը, ո՞վ է մտածել մեզ դատի տալ կարած տարազի համար ու փողն էլ հետ գանձել, ուզում եմ հարցնել՝ էլ բանուգործ չունե՞ս, քո նպատակն ի՞նչ է եղել, ուզում ես ցույց տալ, որ կոռուպցիայի դեմ պայքա՞ր ես մղում ու բյուջե էլ փո՞ղ ես բերում մի տարազի չափով, բա ամոթ չէ՞․․․ Իսկ դատավորը թող գնա ու բացահայտի, թե ինչու և ինչպես են բյուջեից միլիոնավոր դոլարներ փոխանցել Սնուփ Դոգին ու նրա չկայացած համերգին․․․»,- վրդովված հավելել է Արթուր Շահնազարյանը։