23/11/2023 12:24
Ձկնաբուծարանները ՀՀ-ին մեծ գումարներ են բերում՝ պնդում էին ձկնաբույծները, նախարարը հակադարձում էր՝ ամեն ինչ անելու են՝ ջուրը չվատնվի
Մենք խոսում ենք տարբեր լեզվով. ձկնաբույծների հետ հանդիպմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ում պնդմամբ՝ ձկնաբույծները համաձայն չեն նորարար գործիք կիրառել ջուրն արդյունավետ կառավարելու համար։
«Նախարարության տեսանկյունից ջուրը առաջնահերթություն ունեցող, ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրս է, և կառավարությունը ոչ թե ձկնաբույծների համար, այլ ՀՀ քաղաքացիների համար ամեն ինչ անելու է, որ ջուրը չվատնվի, իսկ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը մեր խմելու ջրերի հիմնական ռեսուրսն են»,-ասաց Սիմիդյանը։
Ձկնաբույծներից մեկը տեղից արձագանքեց, թե ձկնաբուծարանները Հայաստանին մեծ գումարներ են բերում, բայց ստացվում է, որ ՀՀ կառավարությունը փորձում է խնայել, փոխարենը հարևան պետություններն ավելի շատ հորեր են բացում։ «Այսինքն՝ այսքան հորը փակում եք՝ ենթադրելով, որ ջուրն ավելանում է, բայց եթե մենք փակում ենք՝ Թուրքիան բացում է, և այդ ջուրը չի ավելանում», - ասաց ձկնաբույծներից մեկը։
«Լրիվ ուրիշ դաշտ եք տանում խոսակցությունը, որը պետք չէ», - նկատեց նախարարը։
Տեղից ձկնաբույծները շարունակում էին մեղադրել նախարարությանը ոչ կոմպետենտ լինելու համար։
«Մենք բակում չենք խոսում, չեմ պնդի մի բան, որը դեռ չկա, իսկ դուք պնդում եք»,-ասաց նախարարը և նշեց, որ առաջիկայում նախագիծը կներկայացնեն, ձկնաբույծների հետ քննարկումներ կծավալեն ավելի առարկայական։
Հիշեցնենք, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված և ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն, իսկ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար։