23/11/2023 11:39
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները չեն արտագաղթում Հայաստանից. վիճակը կայունացել է. Նիկոլ Փաշինյան
Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կառավարությունն ամեն ինչ կանի, որ նրանք մնան Հայաստանում, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հոսք Հայաստանից չկա։
«Արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի գնում են հարազատների հրավերով, մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է», - նշեց Փաշինյանը։
Սա, ըստ նրա, նշանակում է, որ իրենց կայացրած որոշումները էֆեկտ ունենում են։
«Բայց սա չի նշանակում, որ մենք այդ մարդկանց բոլոր պրոբլեմները լուծել ենք», - նշեց վարչապետը։