24/11/2023 20:54
Երջանիկ լինելու գլխավոր նախապայմանն ինքնդ քեզ սիրելն է. Հոգեբան
Երջանիկ կյանք վարելը, իհարկե, յուրաքանչյուր մարդու առաջնային ցանկությունն է, սակայն լինում են դեպքեր, երբ երջանկության մասին մեր պատկերացումները բախվում են իրականությանը, և թվում է, թե երջանիկ լինելը հորինվածք է։
Aysor.am-ը հենց այս թեմայի շուրջ է զրուցել հոգեբան Կարինե Մխիթարյանի հետ՝ գտնելու կյանքի որակը բարձրացնող և մարդուն ուժ տվող երջանկության բանալիները։
«Մարդիկ սովորաբար հետաձգում են երջանկությունը՝ մինչև խոշոր նախագծի շրջադարձային պահը, աշխատավարձի բարձրացումը, նոր պաշտոն ձեռքբերելը, արտաքինի, մարմնի ցանկալի տեսք ստանալը և այլն: Շարքը դեռ երկար կարող եմ թվել, բայց այս ամենի մեջ կարևոր է հասկանալ, որ երջանկությունը չի սպասում, այն հիմա է, պետք է երջանիկ դարձնել յուրաքանչյուր պահը՝ սեփական տրամադրվածությամբ և ցանկությամբ»,-ասաց հոգեբանը։
Մասնագետը երջանկությունը սահմանեց որպես ուրախության վիճակ, որը մարդիկ զգում ու ապրում են, երբ ձգտում են իրացնել իրենց ողջ ներուժը. «Լավատեսությունը բարձրացնելու պարզ ուղիները ներառում են ամենօրյա մեդիտացիան, կանոնավոր վարժությունները, ապագայի պլաններ կազմելը և զվարճալի ժամանց ունենալն ու ամեն պահը վայելել փորձելը»:
Անդրադառնալով կյանքը կառուցող հիմնական գործոններին, մասնագետը մատնանշեց երջանկության և աշխատանքի միջև կապը՝ նշելով, որ մարդիկ հաճախ հակված են կարծելու, որ աշխատանքը երջանկության հակառակն է։ Այնինչ աշխատանքը տալիս է բազում առիթներ երջանիկ զգալու համար, եթե ընտրված է ճիշտ ու տալիս է ինքնադրսևորվելու հնարավորություն։
«Այն մարդկանց, որոնք դժգոհում են իրենց աշխատանքից, մտածում, թե իրենց տեղում չեն, առաջարկում եմ վերանայել ամենօրյա պարտականություններից յուրաքանչյուրը: Օրինակ, եթե բժիշկ են, և փաստաթղթերը կամ անալիզի պատասխանները սպառում են ողջ էներգիան, պետք է մտածել դրա նպատակի մասին: Միգուցե դրան պետք է վերաբերվել որպես հիվանդների ապաքինման փաստագրական արձանագրություն, կամ դրանով կարելի է օգնել մյուս բժիշկներին, ովքեր հետագայում կներգրավվեն բուժման մեջ: Ցանկացած սովորական գործողություն կարող է սկսել դիտվել որպես բարի գործ»,-մանրամասնում է հոգեբանը:
Հաջորդ խորհուրդն է՝ կյանքում միայն վատը մի՛ փնտրեք. «Ճիշտ է, լինում են հուսահատության և բարդ շրջաններ, սակայն պետք է իրատես լինել և հասկանալ, որ դրանք անցողիկ են, իսկ թե որքա՞ն ժամանակ կխլեն, կախված է միայն մեր մտքից ու գործողություններից»։
Կարինե Մխիթարյանը հուշեց, որ կարելի է ձախողումները ևս օգտագործել ՝ հօգուտ ստեղծված իրավիճակը շտկելու։
«Եթե մարդիկ փորձեն ձախողումը, սխալները և սթրեսը դիտել որպես սովորելու և աճելու հնարավորություն, նրանք ավելի հեշտությամբ կարող են դուրս գալ կոնֆլիկտից: Նախ, պետք է փորձել դադարեցնել ինքներդ ձեզ մեղադրելը: Մտածել նոր գործողությունների մասին և ուրվագծել, թե ինչ եք անելու ապագայում: Կյանքի նկատմամբ վերահսկողության զգացումը կօգնի ձեզ ավելի երջանիկ զգալ»,-ասաց նա։
Սիրիր ինքդ քեզ, որ կարողանաս սիրել նաև ուրիշին. «Առաջին բանը, որը մարդը պետք է անի երջանկության ճանապարհին, իրեն սիրել սովորելն է։ Երջանիկ լինելու գլխավոր նախապայմանը ինքնդ քեզ սիրելն է։ Այստեղ ես չեմ խոսում էգոիզմի մասին, չնայած նրան, որ առողջ էգոիզմը ևս վատ բան չէ։ Պետք է կարողանալ գծել սեփական սահմանները, առաջնահերթ դիտարկել սեփական ցանկություններն ու երբեք չհարմարվել վատ իրականությանը. Եթե չի լինում փոխել այն, ապա պետք է հեռանալ։ Օրինակները բազմաթիվ են, երբ մարդիկ, ձգտելով երջանկության, իրենք են իրենց պահում անառողջ մթնոլորտում։ Եթե մարդը չուզի լինել երջանիկ, երբեք չի լինի, իսկ եթե ուզի, ոչինչ չի կարող խանգարել»,-զրույցն ամփոփեց հոգեբանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ