24/11/2023 23:06
Հարմարվե՞լ երեխային, թե՞ փոքրիկի ռեժիմը հարմարեցնել ձեզ. Խորհուրդներ ծնողներին
Մայրիկները հաճախ են բողոքում են, որ երեխայի ծնունդից հետո չեն կարողանում բաշխել ժամանակն ու հասցնել այն ամենն, ինչ պլանավորել էին։ Մասնագետները այս դեպքում խորհուրդ են տալիս փորձել ոչ թե հարմարվել երեխային, այլ նրան հարմարեցնել ծնողների առօրյա գրաֆիկին։
Ծնողավարման մասնագետները հուշում են. երեխային ներգրավեք ամենօրյա գործերում։ Օրինակ՝ կարելի է համադրել օրվա գնումների կատարումը երեխայի հետ զբոսանքի ժամերի հետ։ Երեխային տեսադաշտում պահելով՝ չկտրվել ընթացիկ տնային գործերից՝ շարունակելով այդ ընթացքում խոսել նրա հետ։ Ցանկալի չէ ողջ օրվա ընթացքում երեխային պահել ձեռքերի վրա։ Ֆիզիկական կոնտակտը կարևոր է, բայց ոչ անդադար։ Այսպես երեխաներն ավելի արագ են հարմարվում մայրիկի առօրյայի 24-ժամյա գրաֆիկին, նոր միջավայրին և սթրեսադիմացկուն են դառնում։
Գիշերը պետք է նվազեցնել գրգռիչ գործոնների ազդեցությունը. լույսը, ձայնը, աղմուկը։ Երբ երեխան գիշերն արթնանում է ուտելու համար, նվազագույնի պետք է հասցնել նրա ակտիվությունը, երեխային շատ չշարժել, փորձել կերակրել այնպես, որ ընդհանրապես չարթնանա, այլ ուտի քնի մեջ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է հնարավորինս խուսափել նրան ամբողջովին արթնացնելուց:
Երեխայի պետք է ավելի շատ մնա բնական՝ արևային լույսի ներքո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղահաս ծնված երեխաները, որոնք մնացել են ոչ թե թույլ արհեստական լուսավորության ներքո, այլ՝ բնական լույսի, ավելի արագ են հարմարվել նոր աշխարհի կանոններին: Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն երեխաները, որոնք ավելի շատ են ցերեկային լույս ստացել, լավ են քնել գիշերը:
Կրծքով կերակրմամբ պետք է կարգավորել երեխայի քունը. կրծքի կաթը պարունակում է տրիպտոֆան ամինաթթու, որի օգնությամբ մարդու օրգանիզմն արտդարում է մելատոնին՝ քնի հորմոն: Տրիպտոֆանի մակարդակը կրծքի կաթում բարձրանում և իջնում է մոր ցիրկադային (քնի փուլերի) ռիթմերին համապատասխան, և երբ երեխաները տրիպտոֆան են ստանում կրծքի կաթի միջոցով անմիջապես քնելուց առաջ, նրանք ավելի արագ են քնում: Ըստ կատարված հետազոտությունների, կրծքով կերակրելը օգնում է սինքրոնացնել նորածինների քունը մայրիկի 24-ժամյա ռեժիմին ։
Այս պարզ թվացող, բայց կարևոր խորհուրդներն, իհարկե, դեղատոմս չեն և բացարձակ արդյունք չեն տալիս, կան կարևոր այլ բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել։ Սակայն դրանք կօգնեն ծնողներին՝ հասկանալ երեխայի քնի ռեժիմը, քնի անհրաժեշտ չափն ու գրաֆիկը՝ խնայելով սեփական էներգիան և ժամանակը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ