24/11/2023 12:16
«Զանգ» շարժումը վերադառնում է փողոց եւ իր գործողությունները կսկսի Մաշտոցի պուրակից
«Արժանապատվության շարժումը», որը վերանվանվել է «Զանգ», հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերադառնում է փողոց եւ իր գործողությունները սկսելու է նոյեմբերի 25-ին՝ Մաշտոցի պուրակից: Նշենք, որ «Զանգ» շարժման ակտիվիստներից է Միքայել Նահապետյանը, ով դուրս է եկել «Քաղաքացու որոշում» կուսակցությունից:
Հայտարարությունում ասվում է. ««Արժանապատվության շարժում» նախաձեռնությունը հիմնադրած քաղաքացիները մեկամսյա շտաբային աշխատանքներից հետո վերադառնում են փողոց՝ անթույլատրելի համարելով ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների և իրավունքների նկատմամբ վերաբերմունքը և Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը և համոզված լինելով, որ Հայաստանում կառավարող ուժի ներկայիս վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի խնդիրների։
Մենք համոզված ենք, որ այդ խնդիրների լուծման ճանապարհը որոշելը մեր՝ քաղաքացիներիս բացառիկ իրավունքն ու պատասխանատվությունն է։
«Արժանապատվության շարժումը» վերանվանվել է «Զանգ» և «Զանգ» շարժումը մեկնարկում է այս շաբաթ օրը, ժամը 16:00-ին՝ Մաշտոցի պուրակից։
Քննարկումների արդյունքում մենք ձևավորել ենք գործելու սկզբունքներ և ճանապարհային քարտեզ, որով նպատակադրված ենք հանրային համաձայնության արդյունքում ստեղծել իրապես ինքնիշխան պետություն՝ միջազգային իրավունքի սուբյեկտին հատուկ որոշումներ կայացնելու շրջանակներով և քաղաքացիների կողմից միմյանց ֆիզիկական անվտանգության, իրավունքների և մշակութային ինքնության պաշտպանության ու զարգացման գործում հասնել հանրային համերաշխության՝ պետության երաշխավորության ներքո։
Այդ նպատակներին հասնելու համար մենք պետք է հեռացնենք ներկայիս կառավարող ուժին՝ այն փոխարինելով շարժման նպատակներին հավատարիմ, գործունակ ժամանակավոր կառավարիչներով։ Այս առնչությամբ մեր գործունեության սկզբունքներին և ճանապարհային քարտեզին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հրապարակված Մանիֆեստում:
Մենք գիտենք, որ ինչպես հանրությանը, այնպես էլ լրատվամիջոցներին այս Շարժման վերաբերյալ բազմաթիվ հարցեր կարող են հետաքրքրել, այդ թվում և
- թե ինչու է Շարժումը կոչ անում միանալ վրանի տեղադրման ակցիային,
- թե ինչ գաղափար ունի վրանը,
- թե ով է լինելու Շարժման առաջնորդը,
- թե Շարժումը հաջողելու պարագայում ինչ ճանապարհով է գնալու նոր ձևավորվելիք կառավարությունը և այլն։
Այդ հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ ստորև բերվող հղումներում․
- Ինչու պիտի հեռանա Նիկոլ Փաշինյանը․ պահանջների հիմնավորում
- Ով է լինելու Շարժման առաջնորդը
«Զանգ» շարժման ներկայացուցիչ
Միքայել Նահապետյան»։