24/11/2023 16:52
ՀՀ շահերից բխող որոշում կայացնելու քաղաքական կամք ունենք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Մենք պետք է մեր շահերից ելնող որոշումներ կայացնենք. հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ-ն դեյուրե դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, արդյո՞ք հաշվի է առնվում ՌԴ-ից ՀՀ կախյալությունը, թե՞ վախենում են նոր հոկտեմբերի 27-ից։
«Ես ուզում եմ ՀԱՊԿ մեր գործընկերներն էլ ճիշտ հասկանան, եթե մենք չենք կարողանում մեզ անհրաժեշտ սպառազինությունը և քաղաքական աջակցությունը ստանալ, մյուս կողմից էլ աջակցություն ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելն արգելք է, ապա մենք պետք է մեր շահերից ելնող որոշումներ կայացնենք։ Մենք ՀՀ-ի շահերի թեր և կողմ փաստարկների կշռումն ենք իրականացնում և չենք կարող սխալվել»,-ասաց Փաշինյանը՝ պնդելով, թե քաղաքացու պնդումները սխալ են։
Ըստ նրա, եթե ունեցել են քաղաքական կամք ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարություններն ու վերապահումները հրապարակային հայտնելու, կա նաև քաղաքական կամք՝ ՀՀ շահերից բխող որոշում կայացնելու։
«ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դադարեցնելու որոշում չենք կայացնում, մենք կողմնորոշվելու ենք ՀՀ-ի պետական շահերից ելնելով։ Եվ եթե այս պահին որևէ որոշում ենք կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է։ Մենք ուզում ենք մինչև վերջին հնարավորությունն ամեն ինչ անել ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար, և եթե այս ճանապարհին մենք սպառված համարենք ամբողջ պոտենցիալը, նաև դա կա՝ մեր հանրությունը հարցնելու է ավելի ուժեղ՝ ինչո՞ւ եք մնացել մի կազմակերպությունում, որին անդամակցությունը ոչինչ չի տալիս»,-ասաց նա։