24/11/2023 13:17
Իշխող ուժը պարտավոր է վերահաստատել իր նախընտրական հանձնառությունները, այլապես ներկա կառավարությունը լեգիտիմ չէ, պետք է հրաժարական տա. Չալաբյան
Գործող իշխանությունն ամենուրեք փորձում է իրեն վեր դասել Սահմանադրությունից և օրենքներից և իր կամքը պարտադրել մեր պետության քաղաքացիներին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը։
«Առավել աղետալին Սահմանադրության բուն հիմքերի և մեր անկախության հռչակագրում ամրագրած հիմնարար ազգային նպատակների շարունակական ոտնահարումն է, ներառյալ ողջ հայության ազգային պետության կառուցման, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը։
Իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր ձախողումները, ըստ էության, հրաժարվել է մեր անկախության և սահմանադրական կարգի այս հիմնաքարերից՝ չունենալով սակայն դրա ոչ հանրային մանդատը և, փաստացի, բռնանալով սեփական քաղաքացիների հավաքական քաղաքական կամքի վրա՝ ներառյալ նաև այն քաղաքացիների, որոնք քվեարկել են իրեն իշխանության բերելու համար», - հայտարարեց Չալաբյանը։
Նա նշեց, թե այդ ամենի հետևանքով այսօր կա իրավիճակ, երբ իշխող վարչակարգի վարած քաղաքականությունը բերել է Արցախի հայաթափմանը և նրա տասնամյակներով ձևավորած պետական կառույցի փաստացի կազմալուծմանը։
«ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի տարբեր հատվածներ այսօր օկուպացված են, դրանք ազատագրելու սեփական սահմանադրական պարտքը կատարելու փոխարեն այս իշխանությունը շարունակում է խոսել նոր տարածքային զիջումներից, որպեսզի երկիրը վերածի ինչ-որ անհասկանալի «խաղաղության խաչմերուկի»։ Այս իշխանությունը գործում է՝ ելնելով պարադոսքալ մի կանխավարկածից, որ մեր քաղաքացիներն ամեն բանի կարող են համակերպվել։ Դա այդպես չէ. ցավն ու վիշտը, իսկապես, շատերին կարող է մատնել հուսալքության, բայց շատերիս համար էլ դրանք, ընդհակառակը, դառնում են լրացուցիչ խթան՝ ոքի կանգնելու, իրար թև ու թիկունք դառնալու, էլ ավելի մեծ վճռականությամբ պայքարելու մեր ազգային արժանապատվության և մարդկային իրավունքների համար։ Հենց այդ նպատակով ենք ասպարեզ բերել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Բանախոսն ասաց, որ այսօր իշխող ուժը պարտավոր է ևս մեկ անգամ վերահաստատել իր նախընտրական հանձնառություններն ընտրողների առաջ, այլապես ներկա կառավարությունը լեգիտիմ չէ, պետք է հրաժարական տա։
Հիշեցնենք` «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկել է Հայաստանի քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի, քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։