24/11/2023 14:06
Ինչո՞ւ Փաշինյանը պետական ապարատը չի ազատում այն մարդկանցից, ովքեր վնասում են ՀՀ-ին
Այսօր ՀՀ քաղաքացիներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեց, թե ինչո՞ւ պետական ապարատը չեն ազատում այն մարդկանցից, ովքեր վնասում են ՀՀ-ին։
Ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ Զինված ուժերում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում.
«Իրականացվում է 24-օրյա հավաքների մեխանիզմ, որի նպատակներից մեկը, ինչ-որ չափով շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է։
Գիտեք, պետական համակարգը շատ մեծ է և ես հասկանում եմ, որ այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները շատ հաճախ միանգամից նկատելի չեն։ Բայց այդ փոփոխությունները տեղի են ունենում։ Բայց նաև ուզում եմ ասել, թե ինչ պրոբլեմի հետ ենք մենք բախվում։ Շատ դեպքերում մենք կարող ենք ազատվել մարդկանցից։ Ես հիմա չեմ խոսում ապապետական մարդկանց մասին, քանի որ այդ կատեգորիայի մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքը միանշանակ է՝ նրանք պետք է դուրս բերվեն պետական ապարատից։ Բայց կան մարդիկ, ովքեր չարամիտ չեն, կա՛մ հոգնած են, կա՛մ նրանց հմտություններն արդեն ժամանակակից պայմաններին բավարար չեն և այդ մարդիկ կարող են չաշխատել։
Ասեմ, որ պետական համակարգում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, ինչու՞ են թափուր, քանի որ աշխատավարձը գրավիչ չէ, քանի որ դրանք պետական համակարգում շատ ցածր են։ Եվ եթե նույնիսկ մենք այդ աշխատատեղերում հնարավորություն ենք ունենում մարդիկ ներգրավելու, միշտ չէ, որ մենք կարողանում ենք ամենաբարձր որակավորում ունեցող մարդկանց ներգրավել։ Եթե մի մարդ գիտի, որ աշխատանքի շուկայում մասնավոր հատվածում կարող է 800-900 հազար դրամով աշխատել, ինչի՞ պետք է գա պետական կառավարման համակարգում 100-400 հազար դրամով աշխատի»։