24/11/2023 09:43
«Ժողովուրդ». Արդյո՞ք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ Արայիկ Հարությունյանին ԱԺ հրավիրելու հարցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պատրաստվում են քննիչ հանձնաժողով հրավիրել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հաշվի առնելով, որ այս պահին Արայիկ Հարությունյանն ապօրինի կերպով գերեվարվել և կալանավորվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նրան հանձնաժողով կանչելն անհնարին է դառնում:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արայիկ Հարությունյանին քննիչ հանձնաժողով կանչելն ուժի մեջ է, և ինչպես են դա պատկերացնում: «Կարծում եմ, որ այդ հարցը ճիշտ կլինի տալ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, երկրորդ՝ հանձնաժողովի աշխատանքն արդեն դեկտեմբերի 3-ին ավարտվում է. մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար կլինի դա»,- ասաց Քրիստինե Պողոսյանը։
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք պատրաստվում են կամ արդեն դիմել են այս ընթացքում Արայիկ Հարությունյանին ԱԺ հրավիրելու հարցով Ադրբեջանի ղեկավարությանը. «Հանձնաժողովում նման հարց չի քննարկվել. որքանով որ Ադրբեջանի կառավարության հետ խոսակցություն է տարվում, և դիմում են նրանց միջնորդների օգնությամբ այնտեղ բռնի պահվող մեր հայրենակիցների մասով, խոսակցությունն այնպես է ընթանում, որ բոլոր գերիները վերադառնան, առանց բացառության՝ կլինի դա Արայիկ Հարությունյանը, թե զինվոր, թե հասարակ քաղաքացի»»։