24/11/2023 12:37
Ես չէ, որ պետք է գնահատեմ ԼՂ-ում ՄԱԿ-ի գործելաոճը, բայց աշխարհը շատ ավելի լավ է, երբ կա ՄԱԿ-ը. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Ես չէ, որ պետք է գնահատեմ, թե ինչպես է ՄԱԿ-ը գործել վերջերս կամ գնահատական տամ ՄԱԿ-ի գործելաոճին, իմ առաքելության մեջ այդ գնահատականը ներառված չէ․ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նախնական զեկույցի ներկայացմանն ասաց ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք որևէ իմաստ ունեն ՄԱԿ-ի զեկույցները, երբ վերջին երեք տասնամյակում առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը ժամանում է Լեռնային Ղարաբաղ և արձանագրում, որ Ղարաբաղում մնացել են 50-1000 էթնիկ հայեր, կամ՝ որ Ստեփանակերտում քաղաքական ենթակառուցվածքների, այդ թվում` դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի նկատել, թեպետ բոլոր խանութները փակ են եղել:
«Չեմ կարող գնահատական տալ ՄԱԿ-ի այդ զեկույցին, կամ՝ կարող եմ ասել՝ շատ հաստատություններ ՄԱԿ-ում անդրադարձել են ԼՂ հարցին, իրավիճակը բարելավելու ջանքեր են գործադրել։ Ես անկախ փորձագետ եմ և ՄԱԿ-ի պաշտոնյա չեմ, բայց իմ փորձառությունը ցույց է տալիս, որ աշխարհը շատ ավելի լավ է, երբ կան միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին ՄԱԿ-ն է, քան առանց միջազգային այդ կազմակերպությունների։ Խնդիրը այն է, որ շատ ժամանակ որոշումների ներդրումը կախված է այդ երկրների քաղաքական կամքից։ Այո՛, լինում է, որ որոշակի սխալներ գործում են, կամ՝ բավարար չափով չեն գործում, բայց միջազգային կազմակերպությունները չէ, որ մեղք ունեն այստեղ»,-ասաց նա։
Ֆաբիան Սալվիոլին շեշտեց, որ իր մանդատի մեջ չի մտնում ճգնաժամի մոնիթորինգ, փաստահավաք առաքելություն ներկայացնելը։ Իր մանդատն է՝ ներկայացնել մարդու իրավունքների առաջընթացը երկրի ներսում։