24/11/2023 18:02
Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է․ Եթե Հայաստանի կառավարիչը այդպիսի՛ պայմանագիր պետք է ստորագրի, ապա կոչվելու է կրկնակապիտուլյանտ․ Սերժ Սարգսյան
Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհրաժեշտություն է, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե Հայաստանի կառավարիչն ինչ տեքստով ու ինչ տեսքի պայմանագիր է պատրաստվում կնքել Ադրբեջանի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտւթյուն է, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը, և ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել։ Այդ կարծիքին ոչ երեկ, ոչ էլ այսօր եմ եկել։ Սկսած 90-ականների կեսերից՝ խոսում էի փոխզիջումների, խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին։
Ոչ միայն հարցազրույցներում, այլև ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ, իսկ որոշ ժամանակ առաջ մարդիկ, որոնք իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, Հայաստանի ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում էին և ասում էին՝ Աղդամը մեր հայերնիքն է, իրենց կարծիքով՝ խայթում էին ինձ՝ չհասկանալով, ոիր հիմարություն են խոսում, և վերջն այսպիսին է լինելու։
Բայց մենք իրականության մեջ, կոնկրետ ես՝ չգիտեմ, թե ինչ տեքստ ու տեսք ունի այն խաղաղության պայմանագիրը, որը պատրասվում է կնքել Հայաստանի կառավարիչը։ Միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ։ Ուրեմն ինչպե՞ս կարելի է դա կոչել խաղաղության պայմանագիր։ Եթե այդպիսի պայմանագիր կնքվի, ապա այդպիսի պայմանագիրը ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նա հիշեցրեց՝ ինչ պայմաններում և երբ «կապիտուլյանտ» բառը դաջվեց Հայաստանի գործող վարչապետին․ դա 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո էր։ Այսօր, եթե Նիկոլ Փաշինյանը պարտադրված խաղաղության պայմանագիր կնքի, կհամարվի կրկնակապիտուլյանը, ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։
«Ես վստահ եմ՝ եթե այդպիսի՛ պայմանագիր պետք է ստորագրի, ապա նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ։ Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի, սա ակնհայտ է»,- ասաց Սերժ Սարգսյանը։