24/11/2023 21:34
«Նայած՝ ով կգրի պատմությունը»․ Փաշինյանը պատասխանեց՝ ինչպե՞ս կուզեր, որ իրեն հիշեին պատմության դասագրքերում ու հիշեց Պապ թագավորին
Այսօր Լոս-Անջելեսից Հայաստանի վարչապետին հարց ուղղեցին․ «Ինչպե՞ս կցանկանայիք, որ Ձեզ հիշեն պատմության դասագրքերում»։
«Կախված է նրանից, թե ով կգրի պատմությունը»,- պատասխանեց Փաշինյանն ու հիշեց Պապ թագավորին։
Նրան մեր ավանդական պատմագրությունում, ինչպես ասաց Փաշինյանը, որպես ամենանեգատիվ կերպաներից մեկն են ներկայացրել, «ազգային արժեքների ու ավանդույթների դեմ համարյա թե Նեռի հետ գործակցող»։
Նիկոլ Փաշինյանը պատմության իր սեփական մեկնաբանությունը տվեց՝ նշելով՝ Պապ թագավորը մեր պատմության բացառիկ պետականամետ մարդկանցից մեկն է եղել։
«Մեր պատմագիրներն էդ խեղճին ինչ ասես՝ կպցրեցին, բաց տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ մտածող և պետություն հասկացության արժեքն իմացող մարդու հետ գործ ունենք»,- ասաց Փաշինյանը՝ արդար չհամարելով Պապ թագավորի սպանությունը։
«Ճաշի սեղանի շուրջ սրախողխող արեցին, այդ սպանությունը մի օրում չի եղել, հակաքարոզչություն է տարվել նրա դեմ»,- ասաց Փաշինյանն ու կրկնեց իր միտքը՝ իրեն կհիշեն այնպես, ինչպես իր մասին կգրեն։
«Նայած՝ ով կգրի պատմությունը։ Եթե պատմությոնը կգրի նույն ձեռքը, որը գրել է Պապ թագավորի մասին, պարզ է, որ ես պատմության մեջ կլինեմ հերթական Նեռը, սրբապիղծը, դավաճանը, հողատուն, ինչ ուզեք։ Իսկ եթե այդ պատմութունը կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը և արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, կասի, որ մարդ էր, որն ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավար պետություն։ Ստացվեց, թե չստացվեց․ էդ էլ արդեն պատմությունը ցույց կտա»,- ասաց Փաշինյանը։