25/11/2023 20:00
Երեխայի ադապտացիան մանկապարտեզին. Փոփոխություններ, որոնք կզգացվեն այդ շրջանում
Երեխաները սկզբնական շրջանում սովորաբար դժկամությամբ են հաճախում մանկապարտեզ, ուստի պետք է մանկապարտեզին հարմարվելու շրջան անցնեն։ Երեխայի սովորական կյանքն ու առօրյան կտրուկ փոխվում է, ծնողների բացակայությունը, անծանոթ մեծերին լսելու և հնազանդվելու անհրաժեշտությունը սկսում է դուր չգալ երեխային, հասակակիցներով շրջապատված լինելով՝ նա միայն իր անձին ուղղված ուշադրության որոշակի պակաս է նաև զգում։
Երեխային ժամանակ է պետք՝ մանկապարտեզում այս նոր կյանքին հարմարվելու համար։
Մանկապարտեզին հարմարվելու շրջանում երեխայի վարքագծի շատ առանձնահատկություններ երբեմն այնքան են վախեցնում ծնողներին, որ նրանք մտածում են՝ երեխան ընդհանրապես կկարողանա՞ հարմարվել կամ երբևէ կավարտվի՞ ադապտացիոն շրջանը։
Այս ընթացքում գրեթե բոլոր մայրիկները կարծում են, թե միայն իրենց երեխան է անցնում այդ փուլով, իսկ մնացած երեխաներն ավելի լավ են զգում։ Բայց դա ճիշտ չէ․ բոլոր երեխաները նոր միջավայրում որոշակի սթրես են տանում՝ հատկապես առաջին օրերին։
Ահա այն փոփոխությունները, որոնք կարելի է նկատել երեխայի մոտ՝ մանկապարտեզին հարմարվելու ընթացքում.
Երեխայի հույզերը
Մանկապարտեզում գտնվելու առաջին օրերին գրեթե յուրաքանչյուր երեխա ընդգծված բացասական հույզեր է արտահայտում` նվնվոց, կամակորություն կամ լաց: Հատկապես աչքի են ընկնում վախի դրսևորումները (երեխան վախենում է անհայտ իրավիճակից և անծանոթ երեխաների հետ հանդիպելուց, վախենում է նոր դաստիարակներից և ամենակարևորը, որ ծնողը կմոռանա իր մասին, երբ դուրս գա մանկապարտեզի դռնից):
Ադապտացիոն շրջանում երեխայի մոտ հնարավոր է նկատել նաև ագրեսիվ վարք կամ հակառակը՝ դեպրեսիվ ռեակցիաներ։
Կարևոր է համբերատար լինելը. բացասական հույզերը, անշուշտ, կփոխարինվեն դրականով, երբ ադապտացիոն շրջանն ավարտվի։
Կապ հասակակիցների և դաստիարակի հետ
Առաջին օրերին երեխայի սոցիալական ակտիվությունը նվազում է։ Նույնիսկ շփվող երեխաները դառնում են լարված, անհանգիստ և չշփվող՝ անգամ հասակակիցների հետ։
Ադապտացիայի հաջող ընթացքի մասին կարելի է դատել նրանով, թե որքանով է երեխան ավելի պատրաստակամորեն շփվում դաստիարակի հետ, արձագանքում նրա խնդրանքներին և հետևում նրա խոսքին:
Հմտություններ
Մանկապարտեզին հարմարվելու սկզբնական շրջանում երեխան կարող է կարճ ժամանակով «կորցնել» ինքնասպասարկման հմտությունները (գդալ, թաշկինակ օգտագործելը և այլն):
Հարմարվելիս արդեն երեխան ոչ միայն «հիշում է» մոռացածը, այլև նոր հմտություններ է ձեռք բերում։
Ադապտացիան սովորաբար տևում է 3-4 շաբաթ, բայց հնարավոր է նաև, որ ավելի ձգվի՝ պայմանավորված երեխայի առանձնահատկություններով։
Կարևոր հանգամանք է նաև դաստիարակի պրոֆեսիոնալիզմը, երեխայի հետ կապ հաստատելու նրա կարողությունն ու ցանկությունը։ Եվ, իհարկե, ծնողների ուշադրությունը, սերն ու աջակցությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ