25/11/2023 21:22
Ալկոհոլի ազդեցությունը հղիության ընթացքի և պտղի ձևավորման վրա
Ալկոհոլն ու հղիությունը անհամատեղելի են. բժիշկները երբեք չեն հոգնում ապագա մայրերին այդ մասին զգուշացնելուց, սակայն հղի կանայք երբեմն իրենց թույլ են տալիս խմել մեկ գավաթ գինի՝ մտածելով, որ մի փոքր գինուց ոչ մի վատ բան չի լինի։ Այնուամենայնիվ, ալկոհոլը կարող է խանգարել պտղի զարգացմանը հղիության ցանկացած փուլում, նույնիսկ՝ ամենավաղ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ չափից ավելի կամ կանոնավոր խմելը ապագա մայրիկի կողմից մեծագույն վտանգի տակ է դնում երեխային՝ առաջացնելով լուրջ խնդիրներ:
Ալկոհոլը մորից հեշտությամբ անցնում է պտղին՝ արյան միջոցով, ինչը կարող է ազդել նրա ուղեղի և այլ կենսական օրգանների, կառուցվածքների և ֆիզիոլոգիական համակարգերի զարգացման վրա՝ հանգեցնելով զարգացման արատների, որոնք կարող են սկսվել վաղ մանկությունից և տևել ամբողջ կյանքում: Նախածննդյան փուլում ալկոհոլային խմիչքների ազդեցության ամենախորը հետևանքները երեխայի ուղեղի վնասումն են և դրա հետ կապված վարքային և ճանաչողական խանգարումները:
Գիտնականները մատնանշում են ալկոհոլի առաջացրած ազդեցությունների և ախտանիշների լայն շրջանակ, որը կոչվում է «պտղի ալկոհոլային սպեկտրի խանգարումներ»՝ ներառող պտղի ալկոհոլային համախտանիշը, ալկոհոլի հետ կապված նյարդային զարգացման խանգարումը և բնածին այլ արատներ: Այս բոլոր դեպքերն ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ պտղի վրա ալկոհոլի նախածննդյան ազդեցության հետևանքով կենտրոնական նյարդային համակարգի խաթարում:
Ալկոհոլի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա կարող է լինել կառուցվածքային (ուղեղի չափի կրճատում, ուղեղի որոշ հատվածների փոփոխություններ) կամ ֆունկցիոնալ (ճանաչողական և վարքային դեֆիցիտներ, շարժիչային և համակարգման խնդիրներ): Ժամանակակից պատկերազարդման տեխնիկայի (MRI, CT և այլն) լայնածավալ հետազոտությունները հայտնաբերել են ուղեղի կառուցվածքի և գործունեության տարբերություններ, որոնք համահունչ են նյարդահոգեբանական թեստավորմանը, ներառյալ զգայական մշակման խանգարումը, ճանաչողության և վարքագծի փոփոխությունները պտղի ալկոհոլի սպեկտրի խանգարում ունեցող մեծահասակների մոտ՝ համեմատած առողջների հետ:
Ալկոհոլի հետ կապված բնածին արատները ներառում են սրտի, երիկամների, ոսկորների և զարգացման այլ արատներ. տեսողության և լսողության հետ կապված դժվարություններ, իմունային համակարգի գործառույթի նվազում։
Բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները ավելի շատ են տուժում նախածննդյան շրջանում ալկոհոլի ազդեցությունից, եթե նրանց մայրերը ապրում են անբարենպաստ միջավայրում և ունեն սթրեսի բարձր մակարդակ: Դրանք կարող են ներառել, օրինակ, սոցիալական մեկուսացումը՝ ապրել մի համայնքում, որտեղ չափից ավելի խմելը սովորական և ընդունելի է, և ապրել մի համայնքում, որտեղ նախածննդյան խնամքի միջոցները սահմանափակ են:
Երեխայի մոտ, ում մայրը հղիության ընթացքում ալկոհոլ է օգտագործել, կարող են զարգանալ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեկան խանգարումներ, որոնք կազդեն նրա հետագա կյանքի որակի վրա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ