25/11/2023 15:56
Ռուսաստանցիները, որոնք որոշել են արտասահմանից վերադառնալ հայրենիք, պետք է հասկանան, որ իրենց գրկաբաց չեն սպասում․ Վոլոդին
Արտասահման մեկնած ռուսաստանցիները, որոնք որոշել են վերադառնալ հայրենիք, պետք է հասկանան, որ իրենց այստեղ գրկաբաց չեն սպասում, քանի որ նրանք դավաճանություն են գործել, Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Այն ռելոկանտները, որոնք վերադառնում են արտասահմանից, պետք է հասկանան, որ այստեղ իրենց ոչ ոք գրկաբաց չի սպասում։ Նրանք դավաճանություն են գործել Ռուսաստանի դեմ, իրենց հարազատների ու մտերիմների դեմ»,- գրել է Վոլոդինը։
Նրա խոսքով՝ հայրենիք վերադարձած շատ ռուսաստանցիներ այլ երկրներում աշխատանք չեն գտել իրենց համար։
«Ոմանք էլ, ովքեր Ռուսաստանից Իսրայել էին մեկնել և այդ երկրի քաղաքացիություն ստացել, այժմ հետ են փախչում՝ հրաժարվելով կատարել իրենց պարտականությունը՝ պաշտպանել այն երկիրը, որի քաղաքացի են դարձել»,- հավելել է Վոլոդինը։
Նշենք, որ Ռուսաստանի՝ վերջին շրջանում վարած քաղաքականությանը դեմ լինելու պատճառով հայրենիքը լքած ռուսաստանցիներին ավելի վաղ քննադատել էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով՝ «մենք հակառուսական դիրքորոշում որդեգած և Կիևի կողմն անցած ռելոկանտների հետ չենք կարող նույն ճանապարհով ընթանալ, իսկ մյուսներին հայրենիքը միշտ է սպասում»։