25/11/2023 16:12
Արցախում պայթյունից զոհված Նարեկը նշանադրված էր․ Սիրելիի հետ սպասում էին՝ շրջափակումն ավարտվի, ընտանիք ստեղծեն
2 ամիս առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, դեռևս չպարզված հանգամանքներում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը և խոշոր հրդեհը խլեց հարյուրավոր կյանքեր, մեծ մասը՝ Ստեփանակերտից։ Նրանցից մեկը Նարեկ Հովսեփյանն էր։
Մայրը՝ Լուսինեն, MediaHub-ին պատմում է, որ 3 տղա ունի, բոլորին միայնակ է մեծացրել, քանի որ 2005 թվականին հատուկ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է ամուսինը՝ Սարիբեկ Հովսեփյանը։
«Մայրը չի կարող երեխաների մեջ տարբերություն դնել, 3-ն էլ իմն են, բայց Նարեկիս սիրտն ուրիշ էր։ Այնպես հոգատար, այնքան ծնողամեծար զավակ էր Նարեկը, որ միշտ տղաներիս` Նվերին ու Նորայրին ասում էի օրինակ վերցրեք Նարեկից»,- ասում է տիկին Լուսինեն։
Եղբոր մասին անցյալով չի կարողանում խոսել փոքր եղբայրը՝ Նորայրը։ «Նա մի՛շտ ներկա է»,- ասում է։
«Երբ սկսվեց պատերազմը, Նարեկը ծառայության մեջ էր։ Առաջին հրթիռն ընկել է իրենց մոտ, ինքը հրաշքով է փրկվել։ Մեկ օրվա ընթացքում չեք պատկերացնում մեր ու հատկապես մորս ապրումները։ Ինքը դիտարկման վերահսկման խմբի մշտադիտարկման կետում էր, որը հաճախ էր հայտնվում ադրբեջանցիների թիրախում։ Երբ ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, Նարեկը եկավ, մտածում էինք միայն դժոխքի ճանապարհով անվտանգ անցնելու մասին։ Դժվար էր տունը լքելը։ Մայրս մեզ միայնակ է պահել, մենք փոքր ենք եղել, և տունն ինքն է պահել։ Մեզ հասցրել է մի տարիքի, երբ արդեն մամային մենք էինք պահում։ Վատ չէինք ապրում։ Նարեկի մահով ու մեզ պարտադրված գաղթով ամեն ինչ փոխվեց։ Ոչինչ էլ առաջվանը չի լինելու»։
Նարեկն ընտանիքին տարհանելու համար անհրաժեշտ վառելիք չուներ։ Մի քանի օր տարբեր լցակայաններում հերթ կանգնելուց հետո ընկերների առաջարկով սեպտեմբերի 25-ի երեկոյան ինքն էլ Հայկազովի տարածք էր գնացել։ Մայրն ու եղբայրները տեղեկություն չունեին պայթյունի մասին, բայց տեսնելով, որ Նարեկն ուշանում է, սկսել են որոնել։ Հետո, երբ իմացան կատարվածի մասին, մինչև վերջ հույս են պահել, որ կհայտնվի։
«Ստեփանակերտում և այստեղ գալուց հետո Երևանում ու ամբողջ Հայաստանի հիվանդանոցներում երկար ենք փնտրել Նարեկին։ Որևէ տեղեկություն չգտանք, բայց ամենավատի մասին էլ չէինք ուզում մտածել մինչ այն պահը, երբ դատաբժշկական փորձաքննությամբ նույնականացվեց նաև եղբորս ինքնությունը»,- ասաց Նորայրը՝ Նարեկի եղբայրը։
Նորայրը մասնագիտությամբ բժիշկ է։ Նարեկին փնտրելիս տասնյակ մարդկանց առաջին օգնություն է ցուցաբերել Ստեփանակերտի հիվանդանոցում։ Երբ տեղահանվել են Հայաստան, Նարեկին ողջ գտնելու հույսով աշխատանքի է անցել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Նարեկը նշանադրված էր։ Սիրելիի հետ սպասում էին՝ շրջափակումն ավարտվի, ընտանիք կստեղծեն։ 2 ամիս առաջ կատարվածը դժբախտ պատահար չէր, այլ ողբերգություն, հարված, որ հասցվեց հարյուրավոր ընտանիքների։