25/11/2023 09:53
«Ժողովուրդ». ՔԿ-ն ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն Երևանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տեսանյութերի հրապարակումից հետո կսկսի ծանուցումներ ուղարկելու գործընթացը։
Ասել է թե՝ սպասվում է հարցաքննությունների տեղատարափ։ Հետաքրքիր է՝ արդյոք կոմիտեն այս միջադեպով մինչև վերջ կգնա, ու պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով Ազգային ժողովում պատգամավորների ծեծկռտուքի դեպքի նման այն կկարճի: Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջև առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»։