25/11/2023 10:09
«Հրապարակ». Հանդիպումն այնքան է ոգևորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննությունը երեկ գաղտնիության ռեժիմում անցավ, բայց ջերմ մթնոլորտում: Չնայած ՔՊ-ականները որոշել էին նրա վախը բռնել, որ երբևէ քաղաքական ակտիվության մասին չմտածի, սակայն նա անմիջապես հասկացրել է, որ ո՛չ նման մտադրություն ունի, ո՛չ ցանկություն, և անտրտունջ պատասխանել է բոլոր հարցերին, որոնք դուրս են եղել հանձնաժողովի իրավասության շրջանակից։
Պատերազմից 4 ամիս առաջ Շահրամանյանն ԱՀ ԱԱԾ տնօրենն էր, իսկ պատերազմի օրերին՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարը: Նրան հարցրել են` ունեցե՞լ եք օպերատիվ տվյալներ հնարավոր պատերազմի մասին, վստահեցրել է, որ ոչ` պատերազմի որևէ նախանշան չի եղել։ Ի զարմանս ՔՊ-ականների, ԱՀ նախագահը պատասխանել է նաև պատերազմին չվերաբերող հարցերին:
Դիցուք, հարցրել են` ինչո՞ւ է համաձայնել ստանձնել նախագահի պաշտոնը, երբ Արցախը փակուղային վիճակում էր, ինչո՞ւ է ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը: Նա պատասխանել է, անգամ երկար-բարակ պատմել է նախկին նախագահների՝ Արցախում վերջին օրերի կյանքի մասին՝ որտեղ էին ապրում և այլն։ Բացահայտումներ չի արել` նրա ասածները հիմնականում հայտնի էին, ասել է, որ նախկին նախագահները գտնվել են ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, իսկ մյուս պաշտոնյաները` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի առանձնատանը։
Հարցրել են բենզինի բաքի ողբերգական պայթյունից` դա ադրբեջանցիների կողմից տեռա՞կտ էր, Շահրամանյանը վստահեցրել է, որ պատկան մարմինների անփութության հետևանք էր։ Ապա հավաստիացրել է, որ Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվելու, չի առաջնորդելու արցախցիների պայքարն ընդդեմ ՀՀ իշխանությունների: Ասել է, որ դեմ է պետության մեջ պետություն ունենալուն, սակայն պետք է ուղիներ փնտրել ԱՀ պետական ինստիտուտները պահպանելու համար։ Հանդիպումն այնքան է ոգևորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին` սեղան են գցել հենց ԱԺ-ում»։