26/11/2023 11:12
Չեք միանում ընդդիմությանը կամ այս կամ այն նախաձեռնությանը, ապա ծավալեք ձեր առանձին պայքարը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայից ու Երկրորդ հայկական Հանրապետության ողբերգական անկումից հետո «օդում մնացած» հարցերը չափազանց շատ են:
Մինչ հայաստանյան քաղաքական դաշտի որոշ ուժեր, նախաձեռնություններ, գործիչներ խոսում ու իրենց պայքարը լավ թե վատ ուղղում են Արցախի թեման օրակարգում ակտիվ պահելու ուղղությամբ, արցախյան տարբեր ուժեր, գործիչներ, կարծես, անընդհատ արդարանալու պրոցեսի մեջ են, որտեղ պատահի հայտարարում են, թե իրենք Հայաստանի իշխանության դեմ ուղղված գործընթացներին կամ ընդդիմության պրոցեսներին չեն խառնվելու/միանալու:
Եթե որևէ մեկը կարծում է, թե հանուն Արցախի պայքարը Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի մենաշնորհն է` չարաչար սխալվում է:
Չեք միանում ընդդիմությանը կամ այս կամ այն նախաձեռնությանը, ապա ծավալեք ձեր առանձին կամ նախընտրած միավորների հետ համընդհանուր պայքար:
Բայց այստեղ թացն ու չորը տարբերելու համար կա հստակ սկզբունք` քաղաքական գնահատական Արցախում տեղի ունեցածին ու դրա գլխավոր պատասխանատուներին:
Ով այստեղ խուսափում է Հայաստանի իշխանությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին տեղի ունեցածի պատասխանատու հայտարարելուց, ուրեմն կամ չի տարբերվում սրանց իշխանությունից կամ սեփական կաշվի փրկությունը գերակա է համարում Արցախից ու հայկական պետականությունից:
Մեր շատ ընկերներ իշխանական ռեպրեսիաների են ենթարկվել ու ենթարկվում այս իշխանությունների դեմ երկար տարիներ ծավալած պայքարի, այդ թվում` Արցախի պաշտպանության դիրքերից հանդես գալու համար:
Մեր ընկերը` Արմեն Աշոտյանը հիմա էլ նստած է, գեներալ Խաչատուրովն իր սկզբունքային մոտեցման «պատճառով» էլի նստած է:
Նարեկ Մալյանը վաղուց «նշանառության» տակ է, դեռ չեմ խոսում մեծ թվով անձանց մասին, որոնց անունը թեև քիչ է շրջանառվում, սակայն նրանք էլ քաղաքական հետապնդումների են ենթարկված:
Այնպես որ, Արցախի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում, առանց հստակ քաղաքական գնահատականների, անհնար է առաջ շարժվել, իսկ մնացածը կամ իմիտացիայի է կամ պատասխանատվությունից փախուստի դիմելու անհաջող փորձ»: