27/11/2023 18:57
«Հարմարավետությունը սկսվում է ինտերիերից». Ինտերիեր դիզայները՝ ամենակարևոր հարցերի մասին
Ժամանակակից մարդու կյանքում ամենակարևոր գործոններից մեկը հարմարավետությունն է. Իսկ ի՞նչը պետք է լինի ամենահարմարը, եթե ոչ սեփական տունը, որտեղ ամփոփում ենք ծանր աշխատանքային օրն ու վայելում ջերմ միջավայրը։
Հարմարավետությունն ու ջերմությունը ևս պետք է պլանավորել՝ ինչպես մնացյալ առօրյա գործերը։ Այս առիթով շատերիս օգնության է հասնում ինտերիեր դիզայները.
Ի՞նչ կարիք կա դիզայներին դիմելու, ի՞նչ կարևորություն ունի նա տան կահավորման աշխատանքում և այլ հարցեր Aysor.am-ը քննարկել է ինտերիեր դիզայնի մասնագետ Լիաննա Առաքելյանի հետ։
- Ինչու՞ մարդիկ վճարեն դիզայներին, եթե կարող են իրենք կահավորել բնակարանը:
- Անշուշտ, մարդիկ կարող են կահավորել իրենց բնակարանները, բայց երբեմն այն ավելի երկար ժամանակ է խլում, երբեմն սխալ ընտրության պատճառով կրկնակի կամ ավելի ծախս է լինում, և որպեսզի նման խնդիրներ չլինեն, ու ամեն ինչ ստացվի ճիշտ, մտածված ու գրագետ, հարկավոր է դիմել դիզայների, ով տալիս է լուծումներ, ռեսուրս և ժամանակ։
- Ինչի՞ն ուշադրություն պետք է դարձնի մասնագետը։
- Գոյություն ունեն էրգոնոմիկայի կանոններ կամ ինտերիերի դիզայնի նորմեր, որոնց պետք է դիզայները հետևի հարմարավետ և գեղեցիկ ինտերիեր ստանալու համար։ Օրինակ, կան փոքր մակերես ունեցող տարածքներ, որոնք թվում է, թե անհնար է զոնավորել, կամ դարձնել հարմարավետ բնակարան, բայց ինտերիեր դիզայների շնորհիվ այն կարող է դառնալ թե՛ հարմարավետ, թե՛ վիզուալ մեծ տարածք։
- Ինչպե՞ս է դիզայները որոշում, թե ո՞րն է գեղեցիկ և որը՝ ոչ:
- Ինտերիերի դիզայները օգտագործում է իր կրեատիվությունը, տեխնիկական գիտելիքները, և դա, առաջին հերթին, ստեղծագործություն է ինձ համար։ Կարծում եմ՝ չկա նման հասկացողություն, գոյություն ունեն ոճային, կամ ճաշակի հարցեր։
- Ո՞վ է սահմանում ինտերիերի դիզայնի միտումները։
- Հիմնականում այդ միտումները դիզայներական մտքի և հաճախորդների պահանջների միաձուլումից է առաջ գալիս։
- Գեղեցիկ ինտերիերը թա՞նկ է։
- Սա շատ հարաբերական է, կախված՝ պատվիրատուի նախասիրություններից, դիզայնի ոճից ու բարդությունից։ Իհարկե, եթե ուզում ենք օգտվել էկոլոգիապես մաքուր և բնական նյութերից, բնականաբար, թանկ ինտերիեր կստացվի, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում, և հատկապես վերջին տարիներին շատ արագ է զարգանում ամեն ինչ, դիզայնում՝ նույնպես։ Կարող ենք բնական նյութերը փոխարինել արհեստական, բայց բարձր մշակում անցած նյութերով և ստանալ ավելի մատչելի տարբերակ։
Մարդկանց մեծամասնության մեջ կարծրատիպ կա, որ մինիմալիստական ոճը ավելի մատչելի է, քան որևէ այլ ոճ, բայց դա այդպես չէ, կարելի է ասել, որ երբեմն հակառակն է լինում, ինչպես նշեցի՝ կախված նյութերից և բարդությունից։
- Կարելի՞ է ինտերիերի տարբեր ոճեր համատեղել մեկ բնակարանում։
- Իհարկե հնարավոր է, ես ինքս երկու կամ երբեմն երեք ոճեր եմ համատեղում։ Հիմնականն առաջինն է, իսկ մնացած երկուսը լրացնում եմ դեկորատիվ կամ ակցենտային լուծումներով։
- Ինչպե՞ս կարելի է գումար խնայել ճիշտ վերանորոգման ժամանակ:
- Ամենակարևոր քայլերից մեկը՝ պատվիրատուն պետք է իմանա, թե ինչ է ուզում ստանալ. վերանորոգումը չսկսած՝ պետք է դիմի մասնագետին, որի շնորհիվ կլինի հստակ նախապլանավորում, դիզայն, դիզայնի գձագրեր, որից հետո արդեն իրականացման փուլի ընթացքում՝ ըստ նախագծի, հաջորդող աշխատանքերի իրականացում։
- Ինչպե՞ս չվերածել բնակարանը «շուկայի»՝ զարդարելով այն ծաղկամաններով, լուսանկարների շրջանակներով և այլ դեկորներով։
- Կարծում եմ՝ ճիշտ համադրության և դասավորվածության շնորհիվ․ դիզայնում շատ կարևոր դեր ունեն դեկորատիվ աքսեսուարները, որոնք ինտերիերում ունենում են իրենց նշանակությունները, որովհետև դիզայները դա նույնպես մտածված է տեղադրում ինտերիերում։
- Գաղափարների «գողությունը» ինտերիերում ինչպե՞ս է վերահսկվում։
- Օգտվել ուրիշի մտքերից՝ ստեղծելով քոնը, ուրիշ բան է, իսկ բացահայտ պլագիատը, իհարկե, սխալ է, քանի որ դա սեփական ստեղծագործ անձի նկատմամբ մեծ անարգանք է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մասնագետ պետք է վերահսկի այդ կարևոր գործոնը։
- Ինչպե՞ս որոշել, թե ինչ ոճ է սիրում հաճախորդը:
- Մեզ հանդիպող պատվիրատուների մոտ 70%-ը չի կարող հստակ ոճ նշել, կամ իրենց պատկերացրած ոճը այնքնան էլ չի համապատասխանում իրական ոճին, և հիմնականում դիզայներները փոձում են պատվիրատուի հավանած ինչ որ նկար, դետալ հաշվի առնելով՝ որոշ հարցերի միջոցով պարզել պատվիրատուի հավանած ոճը։
- Ո՞րն է ամենակարևոր դետալը ինտերիերում։
- Որպես դիզայներ, ինձ համար չկան ամենակարևոր դետալներ։ Դիզայների համար բոլոր դետալները պիտի ամենկարևորը լինեն։ Դրանից է բաղկացած ինտերիերը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ