27/11/2023 17:49
Եթե Եվրոպան հարաբերությունները վերականգնելու առաջարկ անի, Ռուսաստանը 10 անգամ կմտածի․ Լավրով
Եվրոպան մեծապես խարխլել է իր հեղինակությունը, և Ռուսաստանը «10 անգամ կմտածի», եթե հարաբերությունները վերականգնելու առաջարկներ արվեն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ նրանք սթափվեն կամ եթե նրանք սթափվեն, մենք 10 անգամ կմտածենք․ ծանրութեթև կանենք առաջարկները՝ թե որքանով են դրանք հսմապատասխանում մեր շահերին և որքանով են եվրոպացի գործընկերները հուսալի և պայմանավորվածությունները հարգող դարձել։ Նրանք բանակցություններ վարելու ունակությունը, իրենց հեղինակությունը շատ և շատ են խաթարել, բայց, միգուցե, ոչ վերջնականապես»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանի համար ամենաառաջնային խնդիրն այսօր Եվրոպայի հետ հարաբերությունները վերականգնելը չէ։
«Կարծում եմ՝ այս փուլում մենք ընդհանրապես կարիք չունենք մտածելու, թե ինչպես վերականգնել հարաբերությունները Եվրոպայի հետ։ Այժմ Ռուսաստանը պետք է մտածի՝ ինչպես կախված չլինել եվրոպացի քաղաքական գործիչների գործողություններից, որոնք թելադրված են Վաշինգտոնի կողմից։ Մենք պետք է ապահովագրենք մեզ տնտեսության, անվտանգության, կյանքի բոլոր առանցքային ոլորտներում, որոնցից կախված է մեր երկրի ապագան»,- ասել է Լավրովը։