27/11/2023 17:10
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին:
Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «1994 թվականից սկսած, երբ Հայաստանում բացվես ՅՈՒՆԻՍԵՖԻ գրասենյակը, մենք մշտապես զգացել ենք Ձեր ներկայությունը մեր երկրում՝ երեխաների պաշտպանության, կրթության և առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն մարդասիրական մեծ աշխատանքը, որն արվում է կազմակերպության կողմից և այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հանրապետության տարբեր պետական մարմինների հետ համատեղ»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քրիսթինե Վայգանդը նշել է, որ շուրջ երեք տասնամյակ ՅՈՒՆԻՍԵՖԸ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որոնք շարունակական բնույթ են ունեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական մարմինների և կազմակերպության միջև համագործակցության հետագա խթանման հեռանկարները կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին բազմակողմանի սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման հրատապ անհրաժեշտության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կատարված մարդասիրական աշխատանքների համար՝ նշելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը եղել է առաջին միջազգային կազմակերպություններից մեկը, որն արձագանքել է հումանիտար ճգնաժամին՝ աջակցելով երեխաների խնդիրներին լուծումներ գտնելուն առանցքային ոլորտներում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖԻ նախաձեռնություններին: