27/11/2023 10:17
Եթե 90-ականներին ամուր հիմք դրվեց մեր գոյատևման, ապա 2018-ից` նահանջի, դավաճանության և անկման. Աբրահամյան
Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում վերջին 5 տարիներին, հասարակության համար դեռ ամբողջովին «մարսված» չէ, հակառակ դեպքում մարդկանց շատ ավելի մեծ խմբեր ներգրավված կլինեին այս իշխանության հեռացման գործընթացին, իսկ անտարբերությունն ու հիասթափությունն այսպիսի մասշտաբներ չէին ունենա: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Խնդիրն այն չէ, որ տարբեր փուլերում հասարակական համախմբման գործընթաց նախաձեռնողները սխալներ կամ տապալումներ չեն ունեցել, բայց ես կարծում եմ՝ մեզ հետ տեղի ունեցածը` Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների ադրբեջանական օկուպացիան, իր էությամբ ու ողջ խորությամբ դեռևս ամբողջությամբ գիտակցված չէ:
Սա օրվա հացի խնդիր չէ, սա մեր տարածաշրջանում հայի ապրելու-չապրելու խնդիր է, և եթե 90-ականներին ամուր հիմք դրվեց մեր գոյատևման ու ռեգիոնում դերակատարության, ապա 2018-ից` նահանջի, դավաճանության և անկման:
Անկախ նրանից, թե իշխանությունն այս կամ այն փուլում ում կթիրախավորի, հանրային ուշադրությունն ում կամ որ ուղղությամբ կուղղորդի, դրանից իրադրությունը չի փոխվի` երկիրը գլորվում է ցած, իսկ դրա ընթացքը նույնիսկ դանդաղեցնելն այս պահին անչափ բարդ է թվում:
Քանի կա այս անկման հիմքում գտնվող իշխանությունը, հակառակ ընթացք բռնել չի լինելու»: