27/11/2023 19:09
«Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող 7 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել 7 ցմահ դատապարտյալների կողմից անժամկետ հացադուլ հայտարարելու կապակցությամբ․
«Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլ՝ հաջակցություն մեկ այլ ցմահ դատապարտյալի, որի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ մերժվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի որոշումը դատապարտյալի կողմից բողոքարկվել է դատական կարգով, սակայն վերջինիս բողոքները մերժվել են ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից, իսկ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել։
Դատապարտյալներն իրենց բողոքում պնդում են, որ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի որոշ դրույթներ չեն գործում կամ գործում են թերի, մասնավորապես՝ դատապարտյալներին առավել ցածր անվտանգային գոտիներ տեղափոխելու հետ առնչություն ունեցող դրույթներն ու իրավական ակտերը։ Իրենց բողոքով, սակայն, դատապարտյալները փորձում են մեկ դատապարտյալին մերժելու հանգամանքն ընդհանրացնել բոլոր ցմահ դատապարտյալների համար՝ թյուր կարծիք ստեղծելով այն փաստի վերաբերյալ, որ օրենքը չի գործում։
Ի պատասխան դատապարտյալների բողոքի՝ նշենք, որ ինչպես բոլոր քրեակատարողական հիմնարկներում, այնպես էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխումն ըստ անվտանգային գոտիների իրականացվում է պատշաճ կերպով, օրենքի սահմաններում։ Մասնավորապես՝ 2023 թվականի ընթացքում 2 ցմահ դատապարտյալ տեղափոխվել է հիմնարկի բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններից միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ, իսկ 3 ցմահ դատապարտյալ՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ։
Ներկա պահին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 87 ցմահ դատապարտյալներից 2-ը պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում, 50-ը՝ բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 14-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, 16-ը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 4-ը՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում, իսկ 1-ը՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
Ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիների մեղմացումները վկայում են քրեակատարողական համակարգում դրական զարգացումների մասին։ Այդ մասին արձանագրել է նաև Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությունն իր՝ 2023 թվականի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ժամանակ»։