27/11/2023 14:44
Առանց մեդալների, բայց բարելավված ցուցանիշներով. Հայ շախմատիստների արդյունքները՝ Իտալիայում ավարտված աշխարհի առաջնությունում
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակել են 14-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Հայաստանն այս առաջնությունում ներկայացրել են 10 շախմատիստներ:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց են տվել Բենիկ Ագասարովն ու Ռոբերտ Փիլիպոսյանը: Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Ագասարովը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և կիսել է 5-10-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը, իսկ մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակել է 7.5 միավոր և կիսել է 9-12-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Գասպարյանը վաստակել է 7 միավոր:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը և Արսեն Դավթյանը վաստակել են 6.5 միավոր, Ալեքս Սահակյանը՝ 6 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը վաստակել է 7 միավոր, Անահիտ Մկրտչյանը՝ 6.5 միավոր:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը վաստակել է 5.5 միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը վաստակել է 6.5 միավոր:
Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Նվարդ Հայրապետյանը (183 կետ), Անահիտ Մկրտչյանը (77 կետ), Ռոբերտ Փիլիպոսյանը (22 կետ) և Էրիկ Գասպարյանը (20 կետ)։