28/11/2023 22:20
Ինչու՞ են ավելորդ կիլոգրամներ կուտակվում ձմռանը, ինչպե՞ս խուսափել ճարպակալումից
Ձմռան ամիսներին շատերի մոտ ակնհայտ քաշի ավելացում է նկատվում, ինչը պայմանավորված է նյութափոխանակության գործընթացների դանդաղեցմամբ և շարժունակության նվազմամբ։ Այս խնդրին է անդրադարձել բժիշկ Անաստասիա Ժդանովան:
Մասնագետի խոսքով՝ ձմռան ընթացքում մարդու քաշն ավելանում է միջինում 5%-ով։ Քաշի նման ավելացման պատճառ են դառնում սննդակարգի փոփոխությունն ու արևի պակասը։ Բացի այդ, օրգանիզմը սթրեսի մեջ է լինում և գործարկում է պաշտպանական մեխանիզմները, որոնք էլ նպաստում են քաշի ավելացմանը: Սա է պատճառը, որ ձմռանը նյութափոխանակությունը խթանելը շատ կարևոր է։
«Սննդակարգում հարկավոր է ավելի շատ սպիտակուցներ ներառել՝ թարմ անյուղ միս, ձուկ և ցածր յուղայնությամբ կաթնամթերք: Սպիտակուցի լրացուցիչ աղբյուր կարող են լինել սպիտակուցային կոկտեյլները, որոնք նույնպես օգնում են զսպել ախորժակը և նվազեցնել հետագա սննդի կալորիականությունը մոտ 30%-ով։ Անհրաժեշտ է նաև սննդակարգում մեծ քանակությամբ բանջարեղեն, մրգեր և դեղաբույսեր ներառել։ Օպտիմալ սննդակարգ կլինի օրական 4-6 անգամ սնվելը», - նշել է բժիշկը։
Նա հավելել է, որ քաշի ավելացման պատճառ կարող է դառնալ նաև վիտամինների և սննդանյութերի պակասը, ուստի պետք է ուշադրություն դարձնել B խմբի վիտամիններին, յոդի և երկաթի ընդունմանը, սակայն միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ