28/11/2023 15:10
Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ: