28/11/2023 15:52
Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտանգում է Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան
Մոտ օրերս անպայման ԱԺ նիստ ենք հրավիրելու ոչ ստանդարտ իրավիճակի և տեխնիկական որոշ խնդիրներների պատճառով նիստի անցկացումը ձգձգվում է, բայց առաջիկայում անպայման տեղի կունենա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախի ԱԺ-ն չի լուծարվել, մեր բոլոր օրակարգերը ծառայելու են Արցախի հարցը փակել թույլ չտալուն։ Հայաստանում ինչ-որ մարդիկ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է, այդուհանդերձ, գիտակից մարդիկ հասկանում են, որ իրավունքի ուժով Արցախի հարցը փակված չէ, մենք մեր գործունեությամբ ամեն ինչ պիտի անենք, որ եթե ոչ մենք, գոնե մեր սերունդներն Արցախ վերադառնալու հնարավորություն ունենան», - նշեց նա։
Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ՝ Արցախի ԱԺ-ն քաղաքական լուծում պետք է տա՝ ինչպես միջազգային հարթակներում օրակարգային դարձնել Արցախի հարցը։
«Արցախում 2020 թվականին ընտրված իշխանությունն այդպես էլ չօգտագործեց բոլոր այն հնարավորությունները, որոնցով կկարողանար շրջանցել ՀՀ գործող իշխանության հակահայկական, հակաարցախյան ծուղակները։ Անգամ հիմա կան ուժեր, որ հետաքրքրված են Արցախի հարցով, մենք ունենք սփյուռքի ներուժը, որ ժամանակին ճիշտ չի օգտագործվել, հիմա մենք սփյուռքից ազդակներ ենք ստանում։ Ցանկացած փոքր հնարավորություն, գործիք պիտի օգտագործենք ի նպաստ Արցախի, ՀՀ-ի», - նշեց նա։
Հակոբյանի խոսքով, «զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանություն համարվող խմբակը քամահրանքով է խոսում Արցախի ԱԺ-ի, պետական ինստիտուտների գործունեության մասին, իրենք ատում են ամեն ազգայինը, հայկականը»։
«Այս խմբակն իշխանության եկավ կեղծ թեզերով՝ խաթարելու համար ազգային մտածողությունը, «Արցախը հանձնենք, լավ ապրենք» կեղծ թեզից հետո այլ կեղծ թեզեր են շրջանառում՝ թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնում է ՀՀ անվտանգությանը, փաստն այն է, որ Արցախը ՀՀ անվտանգության երաշխավորն էր, վահանը, դարպասը, առանց Արցախի հզոր Հայաստան չի կարող լինել. մենք հենց այս թեզով պիտի առաջնորդվենք, չշեղվենք մեր ուղուց, չտրվենք մանիպուլյացիաների», - ասաց նա։
Մետաքս Հակոբյանն ընդգծեց՝ մեզ համար Հայաստանն օտար երկիր չէ, հայրենիքի մի հատվածն է, մենք այստեղ հյուր չենք, որ մեզ համար մեկ լինի ՀՀ անվտանգությունը, մեր ցանկացած քայլ միտված է լինելու Արցախի ազատագրմանը, ՀՀ պաշտպանությանը։
«Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի բացակայությունը թեև ընկճում է, բայց և պարտավորեցնում. մենք այս ընթացքում ԱԺ ամբողջ կազմով մի քանի հանդիպում ունեցել ենք և ցավալի է չտեսնել ԱԺ նախագահին։ Ծանր է գիտակցել, որ մեր հայրենակիցները Հայաստանի իշխանություն ներկայացող խմբակի քմահաճույքով Բաքվում գերության մեջ են։ Մենք գիտակցում ենք, որ մեր քայլերով նախ չպետք է վնասենք մեր հայրենակիցներին, բայց միևնույն ժամանակ մերժում ենք թեզը, թե այստեղ՝ Հայաստանում, կենդանության ցանկացած նշույլ կարող է վտանգել մեր հայրենակիցներին, ճիշտ հակառակը, կարծում եմ՝ մեր լռությունն է վնասում Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, ես գիտեմ, որ մեր հայրենակիցներին դուր չէր գա մեր այս պասիվ գործելաոճը», - ասաց նա։