28/11/2023 11:27
ՀՀ էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, մասշտաբային աշխատանքներ պետք է կատարվեն. ՀՀ նախագահ
Շուկայական տնտեսության մեջ, ցանկացած բնագավառում, որտեղ կա մենաշնորհ՝ զարգացում չի կարող լինել. «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Սա աքսիոմատիկ է, և այս հանգամանքից ելնելով պետք է բարեփոխումներ տեղի ունենան»,-ասաց նա։
Ըստ Խաչատուրյանի՝ ՀՀ էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։ «Եվ սպասավելիք ժամանակշրջանում այդ փոփեխությունները մեծանալու են։ Կառավարությունն իր առջև լրջագույն խնդիրներ է դրել այլընտրանքային էներգետիկայի տեսակարար կշիռն ավելացնելու առումով։ Կառավարության վերջին՝ 26.10.23թ.-ի որոշումներից մեկում նշվում է՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլէներգիայի մասնաբաժինը 2030 թ.-ին՝ ներառյալ խոշոր հիդրոկայանները, կհասնի 50 տոկոսի, իսկ 40-ին՝ արդեն 60 տոկոսի։ Պատկերացրեք՝ ինչ մասշտաբային աշխատանքներ պետք է կատարվի»,-ասաց նախագահը։
Ըստ Խաչատուրյանի՝ սպասելի է, որ այստեղ հակառակ կողմից մեծ ազդեցություն կարող է լինել, բայց կարգավորվող մարմինների միջոցով այդ ախորժակը պետք է նվազեցնել։