28/11/2023 12:59
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ, այս պահին չենք կարող ասել. լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հիշեցնելով, որ ամեն տարի վերանայվում է էներգաարտադրության հաշվեկշիռը։
«Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, հաշվեկշիռն ենք վերլուծում»,-ասաց նա։
Բաղրամյանը բացատրեց, որ այսօր շուկայի ազատականացում է տեղի ունենում, և արդյունքում, եթե խոշոր սպառողները դուրս են գալիս էներգետիկայի շուկայից և չկարգավորվող գներով են ձեռք բերում էներգիա, բնականաբար, որոշակի հաստատուն ծախսերի բեռ մնում է էներգոհամակարգում։ «Այդ բեռը կարող է ազդել կենցաղային սպառողների վրա, որոնք դեռևս մնում են կարգավորվող սակագների տակ»,-հավանական թանկացումն այսպես բացատրեց ՀԾԿՀ նախագահը։
Գարեգին Բաղրամյանը հաստատեց, որ կա էլեկտրաէներգիայի ավելի շատ առաջարկ, քան պահանջարկն է և 5-րդ էներգաբլոկն իր հզորությամբ աշխատում է սահմանափակ ամիսների, մյուս ամիսներին չի աշխատում, քանի որ կարիքը չկա։
Այդ նպատակով էլ, ըստ նրա, ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի հետ ունեցած կայուն կապի թողունակությունը փորձում են մեծացնել, և այդ ենթակառուցվածքը թույլ կտա էլեկտրաէներգիան օգտագործեն, արտահանեն և ներկրեն։