28/11/2023 14:27
Երեխային 20,000 դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի, դատական կազմ է փոխվել
Երեխային 20,000 ՀՀ դրամով և քաղցրավենիքով վաճառելու վերաբերյալ քրեական գործով դատարանում կվերսկսվի դատաքննությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նշված քրեական գործով մեղադրյալի աթոռին են երեխայի կենսաբանական մայրը, այս պահին փաստացի խնամակալ ծնողները և ԲԿ բժիշկը, որոնք մեղադրվում են երեխայի վաճառքի, ՔԿԱԳ ծառայությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։
Գործի տվյալներով՝ 2017թ․ մարտին երեխայի կենսաբանական մայրը՝ Անի Վ․-ն, ծննդաբերելով արական սեռի երեխա և ունենալով երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցների բացակայություն և ֆինանսական խնդիրներ՝ հրաժարվել է երեխայից և Արմավիրում գործող ԲԿ-ներից մեկի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժ Էսթեր Ս․-ի միջոցով ԲԿ-ում հանդիպել և պայմանավորվածություն է ձեռք բերել ամուսիններ Գուրգեն Մ․ -ի և Քրիստինե Գ․-ի հետ՝ վերջիններիս կողմից իր նորածին երեխայի խնամքը ստանձնելու նպատակով որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով ուղղակի դիտավորությամբ երեխայի վաճառք կատարելու շուրջ: Քրեական գործի տվյալներով՝ 2017թ․ երեխայի կենսաբանական մայրը ամուսինների հետ այցելել է ՔԿԱԳ գործակալության Արմավիրի տարածքային ստորաբաժանում, որտեղ հայտարարել է, որ երեխայի հայրը հանդիսանում է Գուրգեն Մ․-ն: Ծննդյան վկայականը ստանալուց հետո նրանք դուրս են եկել հիշյալ տարածքային ստորաբաժանումից, որից հետո Գամուսինները երեխայի խնամքը ստանձնելու նպատակով բժկի միջոցով Անի Վ․-ին փոխանցել են 20.000 ՀՀ դրամ գումար և ավելի քան 20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք: Բացի այդ՝ երեխայի կենսաբանական մայրը երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար՝ 2020 թվականի փետրվարի 06-ին ՔԿԱԳ գործակալության Աբովյանի տարածքային ստորաբաժանման մարմիններին իր որդու կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, նշված ստորաբաժանում է ներկայացրել «Ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմումը և հայտնել, որ Գուրգեն Մ․-ն հանդիսանում է իր որդու կենսաբանական հայրը: Այդ կերպ՝ նշված դիմումի հիման վրա 2020 թվականի փետրվարի 06-ին երեխայի նկատմամբ Գուրգեն Մ․-ն ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել է բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման և ծննդի մասին պետական վկայականները։
Քրեական գործով երեխայի կենսաբանական մայրը և խնամքը ստանձնող տղամարդը մեղադրվում են ՔԿԱԳ ծառայությանը սուտ տեղեկություն հաղորդելու, խնամքը ստանձնող կինը՝ երեխայի խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, բժշկուհին՝ հանցակցության մեջ։ Նշենք, որ քրեական գործի հարուցման առթիը եղել է ՔԿԱԳ գործակալության ծառայության հաղորդումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։