28/11/2023 14:02
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս պահին անհնար է համարում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձն իրենց հայրենիք։
«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի կամ այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ պետք է խաղաղություն կառուցել՝ բացառելով ատելության խոսքը, մարդկանց էթնիկ զտումների քաղաքականությունը:
ԱԺ նախագահն անընդունելի է համարում հայկական հետքը, հայկական պատմությունը ջնջելու Ադրբեջանի փորձերը։
«Դրանք հաջողության չեն հասնելու»,- ասաց նա։
Նա նշեց, թե Հայաստանի նկատմամբ էլ մեղադանք կա, որ, իբր, նման գործողություններ են արել։
«Ես չեմ ուզում մտնել նման բանավեճի մեջ, ես ուզում եմ, որ պատմությունն օգտագործեք ապագան կառուցելու համար։ Ես գիտեմ, որ Ադրբեջանը ուշի-ուշով հետևում է բոլոր ասածներին, բոլոր հայտարարություններին, կուզեմ, որ ուշադրություն հրավիրեն սրա վրա․ հերիք է, պետք է դադար տալ, պետք է խոսել ապագայի մասին», - նշեց Սիմոնյանը։